Ներքին 4 տարի առաջ - 12:15 23-12-2021

Դավիթ Բեժանյանի ստեղծած արձանի վերականգնման ընթացքում դարձյալ պղինձ են գողացել. Փաշինյան

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա տեղադրված Դավիթ Բեժանյանի «Հավերժության ժապավեն» արձանի վերականգնման աշխատանքները մոտենում են ավարտին։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քանի որ այն պղնձից էր, կտոր-կտոր գողացել էին։ Իմիջիայլոց, նաև այս վերականգնման ընթացքում նման դեպքեր են արձանագրվել։ Մենք պայմանավորվել ենք ոստիկանության հետ, որ բոլոր վերականգնվող համալիրներում նման դեպքերը բացառվեն»,- ասաց վարչապետը` կարևորելով դրանց պատշաճ կազմակերպումն ու դրա համար պատասխանատու մարմինների նշանակումը։

Դավիթ Բեժանյանի «Հավերժության ժապավեն» կամ «Ճանապարհաշինարարներ» արձանի թալանվելու մասին կառավարության մակարդակով հայտարարվեց 2019թ-ին, երբ որոշվեց նաև այն վերականգնել պետության հաշվին։

Տարիների թալանից հետո ճանապարհի եզրին երբեմնի արձանի մասին այդ ժամանակ հիշեցնում էր միայն պատվանդանի վրա մնացած մետաղական կոնստրուկցիան։

Արձանի վերականգնման համար բյուջեից հատկացվեց 9 մլն դրամ։