Ներքին 46 րոպե առաջ - 14:25 25-10-2026

Երևան-Գորիս անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քարոզչության մասին ահազանգ․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտնում է, որ հոկտեմբերի 24-ին ահազանգ է ստացել այն մասին, որ Երևան-Գորիս թիվ 607 երթուղով Գորիսի բնակիչների համար հոկտեմբերի 23-ից սկսած իրականացվում են անվճար ուղևորափոխադրումներ՝ հոկտեմբերի 25-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ։ Հոկտեմբերի 25-ին առաքելությունը ստացել է լրացուցիչ ահազանգ և ներկայացված տեղեկությունները հիմնավորող նյութեր։

«Մասնավորապես, ըստ ստացված տեղեկությունների՝ ուղևորներից “Սասունցի Դավիթ» կայարանում տեղակայված դրամարկղում ճշտում են՝ արդյոք նրանք Գորիսի բնակիչ են, և դրական պատասխանի դեպքում հայտնում, որ ուղևորության համար տոմս ձեռք բերելու անհրաժեշտություն չկա։

Ահազանգի համաձայն՝ անվճար ուղևորափոխադրումը զուգորդվում է ընտրություններին մասնակցող «Համերաշխություն» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Առուշ Առուշանյանի պատկերով և դաշինքի անվանումը և համարը պարունակող քարոզչական բուկլետի տրամադրմամբ։

«Ականատես» դիտորդական առաքելությունը խիստ մտահոգիչ է համարում ստացված տեղեկությունները։ Եթե ներկայացված հանգամանքները հաստատվեն, ապա անվճար ուղևորափոխադրումների իրականացումը՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի քարոզչանյութերի տրամադրման զուգակցմամբ, կարող է պարունակել ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքի խախտման հատկանիշներ։ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին և ընտրություններին մասնակցող կուսակցություններին/դաշինքներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով ծառայություններ մատուցելը, ինչպես նաև բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելը։

«Ականատես» դիտորդական առաքելությունը ՀՀ գլխավոր դատախազությանը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին և ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը կոչ է անում անհապաղ ստուգել ներկայացված տեղեկությունները, տալ համապատասխան իրավական գնահատական և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ հնարավոր ընտրախախտումները կանխելու և դրանց շարունակությունը բացառելու ուղղությամբ»,- նշված է գրառման մեջ։

Ամենից շատ դիտված