Ուղիղ եթեր
Ավելին 1 ժամ առաջ - 20:10 24-10-2026

Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում

Սալմա Հայեկի 19-ամյա դուստրը գլխավորել է ամենացանկալի երիտասարդների ցանկը։ Ինչո՞վ է նա տարբերվում հարուստ ժառանգներից

Հոլիվուդյան դերասանուհի Սալմա Հայեկի և ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա-Անրի Պինոյի 19-ամյա դուստրը՝ Վալենտինա Պինոն, գլխավորել է Tatler ամսագրի Մեծ Բրիտանիայի 200 ամենացանկալի երիտասարդների ցանկը։ Չնայած ընտանիքի հսկայական կարողությանը՝ Վալենտինան նախընտրում է լոնդոնյան փաբերը, այլընտրանքային երեկույթներն ու նույնիսկ IKEA այցելությունները՝ շքեղ ակումբների փոխարեն։

Վալենտինան ցանկում առաջին հորիզոնականը կիսել է ռեգբիի երիտասարդ աստղ Հենրի Պոլոկի հետ։ Նրա մայրը «Օսկարի» հավակնորդ դերասանուհի է, իսկ հայրը ղեկավար պաշտոն է զբաղեցնում Kering շքեղության ոլորտի հսկա խմբում, որին պատկանում են Gucci, Saint Laurent և Alexander McQueen նորաձևության տները։ Tatler-ի գնահատմամբ՝ ծնողների ընդհանուր կարողությունը կազմում է շուրջ 7,2 միլիարդ դոլար։

Ներկայումս Վալենտինան սովորում է Լոնդոնի Քինգս քոլեջում՝ ուսումնասիրելով թվային մեդիան և մշակույթը։ Սակայն նրա նախընտրած վայրերը ոչ թե Չելսիի շքեղ բարերն ու բացառիկ ակումբներն են, այլ Fabric գիշերային ակումբն ու Lost երեկույթները, որտեղ հեռախոսների օգտագործումն արգելված է։

«Կարծում եմ՝ Լոնդոնի մշակույթն աշխարհում իմ ամենասիրելի բանն է։ Ես պաշտում եմ փաբերի մշակույթն ու բրիտանական հումորը՝ այն փոքրիկ բաները, որոնք չես գտնի ուրիշ ոչ մի տեղ», — Tatler-ին ասել է նա։

Երբ նրան հարցրել են՝ նախընտրում է մարտինի՞, թե՞ շամպայն, Վալենտինան առանց երկմտելու պատասխանել է՝ օղի՝ կատակով նշելով, որ այդ հարցում բավական միակողմանի նախասիրություններ ունի։

Հայտնի ընտանիքում մեծանալը Վալենտինային սովորեցրել է զգուշությամբ վերաբերվել հանրային ուշադրությանը։ Նա դեմ չէ, որ մարդիկ հետաքրքրվեն իր կյանքով, սակայն չի ցանկանում, որ իր յուրաքանչյուր քայլը դառնա քննարկման առարկա։

«Հանրային դեմքեր ունեցող ծնողների հետ մեծանալն օգնեց ինձ հասկանալ, թե ինչ չեմ ուզում։ Ես դեմ չեմ, որ մարդիկ տեսնեն, թե ինչ եմ անում, բայց ինձ դուր չի գալիս այն միտքը, որ նրանք մեկնաբանում են իմ գործողությունները կամ վերահսկում իմ կյանքը», — նշել է նա։

Վալենտինան արդեն հասցրել է հայտնվել Vogue Mexico-ի շապիկին՝ մոր հետ միասին։ Ավելի վաղ նա խոստովանել էր, որ ցանկանում է դառնալ դերասանուհի, իսկ հետագայում ուժերը փորձել նաև ռեժիսուրայում։
Սակայն նրա նպատակները չեն սահմանափակվում ստեղծագործական կարիերայով։ Վալենտինան հետաքրքրված է նաև հասարակական խնդիրներով, կամավոր աշխատել է անվճար սնունդ տրամադրող խոհանոցում և առանձնահատուկ մտահոգված է անօթևանության խնդրով։

«Ես ընկերներ ունեմ, որոնք տուն չունեն», — ասել է նա՝ բացատրելով, թե ինչու է այս թեման իր համար կարևոր։
Մոր զգեստապահարանից մինչև դիմահարդարման դասեր

Չնայած անկախ լինելու ձգտմանը՝ Վալենտինան երբեմն օգտվում է նաև մոր հայտնի զգեստապահարանից։ Սալմա Հայեկը հումորով պատմել է, որ դուստրը հաճախ վերցնում է իր հագուստը։

«Մենք վիճում ենք իրերի համար, որովհետև նա ամեն ինչ վերցնում է իմ պահարանից», — կատակել է դերասանուհին։
Հայեկի խոսքով՝ դուստրը դեռ փոքրուց ինքնուրույն է ընտրել իր հագուստը, և ինքը միշտ գնահատել է նրա անկախությունը։ Այժմ Վալենտինան ոչ միայն նորաձևության հարցերում է օգնում մորը, այլև դիմահարդարման խորհուրդներ է տալիս նրան։

«Ես լավ եմ դիմահարդարվում, բայց հիմա նա է ինձ սովորեցնում», — խոստովանել է Սալման։

Մայրն ու դուստրը նաև յուրահատուկ հնարք ունեն՝ հանրային վայրերում իրենց անձնական զրույցները գաղտնի պահելու համար․ նրանք խոսում են իսպաներեն։ Իսկ Վալենտինան հոր հետ շփվում է ֆրանսերենով։

Վալենտինա Պինոյի մասին ամբողջական հոդվածը հրապարակվելու է Tatler-ի դեկտեմբերյան համարում, որը, ըստ հրապարակման, վաճառքի կհանվի նոյեմբերի 5-ին։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ