Արտաքին 43 րոպե առաջ - 13:38 24-10-2026

Վրաստանում Թուրքիայի քաղաքացուն սպառնում է ցմահ ազատազրկում՝ կոկաին ներկրելու համար

Վրաստանի «Սարպի» սահմանային անցակետում Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել․ նրա մոտ շուրջ 100 գրամ կոկաին է հայտնաբերվել։

Այս մասին, վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ-ն, հայտնում է «Գրուզիա Online»-ը։

Գերատեսչության տվյալներով՝ թմրամիջոցը հայտնաբերվել է տղամարդու անձնական զննության ընթացքում։ Հատուկ գործողությունն իրականացրել են Աջարիայի քրեական ոստիկանության աշխատակիցները և Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության մաքսային դեպարտամենտի ներկայացուցիչները։

Ձերբակալվածը կասկածվում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահման և երկիր ներկրելու մեջ։ Փաստի առթիվ քննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ և 262-րդ հոդվածներով։

Մեղքը հաստատվելու դեպքում տղամարդուն սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն։

Ամենից շատ դիտված