Սկանդալ Շոտլանդիայում։ Թանգարանից հեռացրել են եգիպտական մումիաները՝ մահացածների համաձայնության բացակայության պատճառով։
Գլազգոյի թանգարանը որոշել է հանրային ցուցադրությունից հանել հին եգիպտական մարդկային մնացորդները՝ առաջնորդվելով թանգարանային էթիկայի նոր մոտեցումներով։
Որոշումը քննադատությունների ալիք է բարձրացրել։
Շոտլանդիայի Գլազգո քաղաքի Քելվինգրոուի արվեստի պատկերասրահից և թանգարանից հեռացվել են Հին Եգիպտոսին նվիրված ցուցադրության մաս կազմող մումիֆիկացված տղամարդու գլուխը, ոտքը, աջ ձեռքը և Նեկտես անունով քահանայի մնացորդները։
Դրանց փոխարեն այցելուներին այժմ դիմավորում են բացատրական ցուցանակներ։
Թանգարանը որոշումը հիմնավորում է այն հանգամանքով, որ մարդկային մնացորդների հանրային ցուցադրության համար անհրաժեշտ է փաստաթղթավորված համաձայնություն։ Glasgow Life կազմակերպության նոր քաղաքականության համաձայն՝ մնացորդները կարող են ցուցադրվել միայն մահացածի կամ որոշ դեպքերում նրա սերունդների համաձայնության առկայության դեպքում։
Որոշումը քննադատությունների պատճառ է դարձել։ «Իրական կրթության արշավի» նախագահ Քրիս ՄակԳովերնը այն անվանել է «անիմաստ քաղաքական կոռեկտություն»՝ մտահոգություն հայտնելով, որ նման քայլերը կարող են սահմանափակել պատմական գիտելիքների անմիջական ընկալումը, հատկապես երեխաների շրջանում։
Քննադատների կարծիքով՝ թանգարանները պետք է հնարավորություն տան այցելուներին սեփական աչքերով ուսումնասիրելու հին քաղաքակրթությունների պատմությունը։
Նրանցից ոմանք կարծում են, որ մարդկային մնացորդների հեռացումը կարող է նվազեցնել կրթական ցուցադրությունների արժեքը։
Մյուս կողմից՝ թանգարանի որոշումը հիմնված է մարդկային մնացորդների արժանապատվության և էթիկական վերաբերմունքի նկատմամբ ժամանակակից մոտեցումների վրա։ Նշվում է, որ Glasgow Life-ը նախատեսում է վերանայել նաև այլ թանգարաններում պահվող մարդկային մնացորդների ցուցադրությունը։
Քննարկման կենտրոնում մեկ կարևոր հարց է՝ ինչպե՞ս համատեղել պատմական ժառանգության հանրային հասանելիությունն ու մահացածների նկատմամբ հարգանքը։ Գլազգոյի թանգարանի որոշումը ցույց է տալիս, որ այս հարցը շարունակում է տարաձայնություններ առաջացնել թանգարանային աշխարհի և հասարակության շրջանում։