Հազարավոր երիտասարդներ երթով անցել են Վիեննայի կենտրոնական փողոցներով՝ բողոքելով համալսարանների ֆինանսավորման կրճատումների դեմ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Vienna.at-ը։
Համալսարանների ֆինանսավորման կրճատումների դեմ լայնածավալ ցույցը մեկնարկել է Վիեննայի տեխնոլոգիական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ։ Հանրահավաքից հետո ուսանողները երթով անցել են քաղաքի կենտրոնական փողոցներով։ Ցուցարարների պատճառով երթևեկությունը սահմանափակվել է, ինչը հանգեցրել է խցանումների։
Ոստիկանական մեքենաներն ուղեկցել են ցուցարարների շարասյուները։
Ըստ կազմակերպիչների՝ ցույցին մասնակցել է մոտ 20 000 մարդ։ Ցուցարարները վանկարկել են կարգախոսներ և պարզել պաստառներ՝ պահանջելով կրթության և գիտության ֆինանսավորման կրճատումներ չանել։
Ավստրիայում բարձրագույն կրթության և գիտության ֆինանսավորման կրճատումներն ուժի մեջ են մտնելու 2028 թվականից։ Համալսարանական հանրությունը մտավախություն ունի, որ ռեսուրսների պակասը կհանգեցնի աշխատակազմի կրճատման, ուսումնական պայմանների վատթարացման և գիտահետազոտական աշխատանքների հնարավորությունների սահմանափակման։