Oragir.News-ը ներկայացնում է հոկտեմբերի 21-ի ամփոփ լուրերը:
Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ԹՐԻՓՓ»-ի (TRIPP) համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։
Այս մասին տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Խոսքը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի մասին է։
Հարցը կքննարկվի հաջորդ շաբաթ մեկնարկող Ազգային ժողովի լիագումար նիստում։
Սկանդալային դեպք Գեղարքունիքի մարզում։
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին պարեկները կանգնեցրել են «Կիա» (Kia) մակնիշի ավտոմեքենա։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ավտոմեքենայի ուղևորը, ով Հայաստանում հայտնի բժշկական կենտրոններից մեկի բժիշկ-սրտաբան է, պարեկներին է ներկայացրել «Մարիխուանա» տեսակի թմրանյութ և կաթուցիչ։
Բժիշկը հայտնել է, որ թմրանյութը քաղել է Վարդենիսի դաշտերից՝ իր անձնական օգտագործման համար։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
«Հայաստանին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունենան»։ Ազգային ժողովում նման հայտարարությամբ է հանդես եկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։
Անդրադառնալով ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման մասին լուրերին՝ ՔՊ-ական պատգամավորը պնդել է, թե նման մտավախություն չկա, և Հայաստանը միությունից դուրս գալու ցանկություն չունի։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ անդամ 4 երկրները՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, պատրաստել են զեկույց, ըստ որի՝ դիտարկվում է Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը ժամանակավորապես կասեցնելու հնարավորությունը։
«Տնային կալանքում եմ, սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է»։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Հրապարակած տեսանյութում Աշոտյանը նշել է, որ Հայաստանում քաղբանտարկյալների թիվը հասնում է 100-ից ավելիի։
ՀՀԿ փոխնախագահն ընդգծել է․ բոլոր ավտորիտար երկրների ղեկավարները ժխտում են քաղբանտարկյալների առկայությունը, և Հայաստանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, բացառություն չէ։
Տեսանյութ: