Սպորտ 48 րոպե առաջ - 19:20 21-10-2026

100 տոկոսով Բենֆիկա՝ Հայաստանի սրտում․ ի՞նչ է սպասվում Երևանում բացվող Բենֆիկայի ակադեմիայում


Պորտուգալական հեղինակավոր «Բենֆիկա» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը ծավալուն հրապարակմամբ անդրադարձել է Հայաստանում հիմնադրվող «Բենֆիկա Ակադեմիա Հայաստան» նախագծին։ 2027 թվականի ամռանը նախատեսված պաշտոնական բացմանն ընդառաջ՝ նախագծի նախապատրաստական աշխատանքները թևակոխել են նոր և առանցքային փուլ։

Նախագիծը կյանքի է կոչվում «Սպորտ Լիսբոա է Բենֆիկա» ակումբի և «Ֆուտբոլ ինվեսթմենթ գրուպ» ընկերության համագործակցությամբ։ Ծրագրի գլխավոր նպատակն է պորտուգալական գրանդի հանրահայտ մարզչական մեթոդաբանությունը բերել Հայաստան, զարգացման հնարավորություն ստեղծել ավելի քան 1000 պատանի ֆուտբոլիստների համար և նպաստել ամբողջ կովկասյան տարածաշրջանում ֆուտբոլի առաջընթացին։

Այց Լիսաբոն և հանդիպում Ռուի Կոշտայի հրավերով
Նախագծին նոր թափ հաղորդելու նպատակով վերջերս աշխատանքային այցով Լիսաբոն էին մեկնել հայաստանյան ակադեմիայի հիմնադիր Ալֆրեդ Սադոյանը և տնօրեն Արթուր Ազարյանը։ Այցի հիմնական առանցքը տեխնիկական վերապատրաստումն էր և «Բենֆիկայի» յուրահատուկ մշակույթին ու ինքնությանը ինտեգրվելը։

Մի քանի օր շարունակ հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ակումբի տարբեր ստորաբաժանումների հետ ինչպես լեգենդար «Էշտադիու դա Լուշ» մարզադաշտում, այնպես էլ «Adidas Benfica Campus» մարզաբազայում։ Քննարկումների նպատակն էր տեղում ծանոթանալ այն աշխատաոճին, կազմակերպչական կառուցվածքին ու արժեհամակարգին, որոնց վրա հիմնված է «Բենֆիկայի» մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման մոդելը։

Այցն ամփոփվել է յուրահատուկ ֆուտբոլային երեկոյով. լիսաբոնյան ակումբի նախագահ, լեգենդար Ռուի Կոշտայի անձնական հրավերով Ալֆրեդ Սադոյանն ու Արթուր Ազարյանը «Էշտադիու դա Լուշ» մարզադաշտում հետևել են Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի 2-րդ տուրի հանդիպմանը, որտեղ «Արծիվները» 4:1 հաշվով վստահ հաղթանակ են տարել շոտլանդական «Սելթիկի» նկատմամբ։

Ի՞նչ ենթակառուցվածքներ է ունենալու ակադեմիան Երևանում
Հայաստանյան ակադեմիան նախատեսված է 4-ից 17 տարեկան ավելի քան 1000 պատանիների համար։ Այն ապահովված է լինելու գերժամանակակից ենթակառուցվածքներով, որոնց թվում են.
Սեփական մարզադաշտ,
6 ֆուտբոլային խաղադաշտ,
Այլ բարձրակարգ մարզական և սպասարկող կառույցներ։

Մարզումային ծրագիրն ընդգրկելու է ֆուտբոլային բոլոր մակարդակները՝ սկսած մասսայական ու սիրողական ֆուտբոլից մինչև մրցակցային թիմեր և էլիտար դիվիզիոններ։
Յուրաքանչյուր սանի համար ստեղծվելու են զարգացման անհատական պայմաններ՝ համապատասխան նրա տարիքին, խաղային որակներին և նպատակներին։

Տեղական մակարդակում կառուցվածքն ամբողջությամբ կրկնելու է «Բենֆիկայի» զարգացման բուրգի տրամաբանությունը, որը միավորում է ֆուտբոլային դպրոցների ցանցը, մարզումային կենտրոնները և գլխավոր ակադեմիան։ Ներկայումս նախագիծը թևակոխել է գործառնական նախապատրաստության փուլ, որպեսզի բացման պահին բոլոր պայմանները պատրաստ լինեն մարզիկներին, նրանց ընտանիքներին և մարզչական անձնակազմին ընդունելու համար։

«Աշխարհում թիվ մեկ մեթոդաբանությունը՝ Հայաստանում»

«Բենֆիկայի» միջազգային բիզնեսի տնօրեն Լորենսու Մենեզեշը կարևորել է հայ գործընկերների անմիջական շփումն ակումբի ներքին խոհանոցի հետ.

«Սա հիմք և ենթատեքստ է ստեղծում, որպեսզի ակադեմիան աճի 100 տոկոսանոց «Բենֆիկայի» արմատներով։ Մենք ցանկանում ենք, որ այդ կապն ակնհայտ լինի ոչ միայն մեր մեթոդաբանության և ֆուտբոլի զարգացման մեջ, այլև այն արժեքների ու «Բենֆիկայի» ոգու մեջ, որոնք մենք բերելու ենք Հայաստան»,- նշել է Մենեզեշը։

Ակադեմիայի հիմնադիր Ալֆրեդ Սադոյանն իր հերթին վստահություն է հայտնել նախագծի հաջողության հարցում.

«Այսօր բոլորն են ընդունում, որ «Բենֆիկայի» պատանեկան ակադեմիան և դրա կրթական ու մարզումային մեթոդներն աշխարհում առաջին տեղում են՝ շնորհիվ տաղանդների և ստեղծագործական մտքի զարգացման իրենց մոտեցման։ Մենք վստահ ենք, որ նույն որակի աշխատանքն իրականացվելու է նաև Հայաստանում»։

Լիսաբոնյան ակումբի պաշտոնական կայքն ընդգծում է, որ եվրասիական տարածաշրջանում ֆուտբոլի զգալի աճի պայմաններում Հայաստանի ակադեմիան հավակնում է դառնալ խաղացողների և մարզիչների պատրաստման առաջատար կենտրոն, որի ազդեցությունը դուրս կգա Հայաստանի սահմաններից։

Հիշեցնենք, որ դեռևս 2026 թվականի հուլիսին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Ֆուտբոլ ինվեսթմենթ գրուպ»-ը հայտարարել էին նախագծի մեկնարկի մասին։ Նախատեսվում է, որ ակադեմիան իր գործունեությունը կծավալի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայի տարածքում, որի մի հատվածը ՀՖՖ-ն երկարաժամկետ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել է ծրագրի իրականացման համար։

Armsport.am


Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
20:24 Նիկոլի համար «արևմտամետությունն» ընդամենը ծխածածկույթ է մարտնչող թյուրքամետությունը քողարկելու համար