Ներքին 40 րոպե առաջ - 18:22 19-10-2026

Քաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ս.թ. հոկտեմբերի 15-ին տեղեկատվություն է ստացել Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում ապօրինի պահվող բեզոարյան այծերի վերաբերյալ։

Տեսչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ծաղկունք գյուղի բնակիչ Բ․Ս․-ն իր տան բակի փակ շինությունում պահում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի՝ մոտ 4–5 ամսական երկու առանձնյակ։ Վերջիններիս, ըստ քաղաքացու ներկայացրած տեղեկությունների, իրեն են փոխանցել որպես նվեր։

Հոկտեմբերի 15-ին բեզոարյան այծի 1 արու և 1 էգ առանձնյակներն առգրավվել և տեղափոխվել են Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հայ-ռուսական համատեղ փորձարարական կենտրոն՝ կարանտինային գոտում տեղակայելու և հետագա խնամքն ապահովելու նպատակով։

Կենդանական աշխարհին պատճառված վնասի չափը հաշվարկվել է 3.000.000 դրամ։
Արձանագրված փաստական տվյալները և դրանցում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայությունը հաշվի առնելով՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։