Հոկտեմբերի 16-ին Երևանում անցկացված «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովի մասնակիցները հռչակագիր են ընդունել՝ վերահաստատելով մինչև 2030 թվականը կենսաբազմազանության կորուստը կանգնեցնելու և վերականգնման գործընթաց սկսելու հանձնառությունը։
«Երևանի հռչակագիր․ գործողություններ հանուն բնության» փաստաթղթում պետությունների և կառավարությունների ղեկավարներն ընդգծել են, որ բնության պահպանության ուղղությամբ միջազգային ջանքերը դեռ բավարար չեն, և անհրաժեշտ է ավելի արագ ու վճռական քայլեր ձեռնարկել։
Հռչակագրով մասնակիցները պարտավորվել են ուժեղացնել բնական էկոհամակարգերի պաշտպանությունն ու վերականգնումը, բնապահպանական խնդիրներն ավելի լայնորեն ներառել պետական քաղաքականության մեջ, ինչպես նաև ավելացնել կենսաբազմազանության պահպանմանն ուղղվող պետական և մասնավոր ֆինանսավորումը։
Փաստաթուղթը վերահաստատում է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակները՝ մինչև 2030 թվականը կանգնեցնել և շրջել կենսաբազմազանության կորուստը, իսկ մինչև 2050 թվականը հասնել բնության հետ ներդաշնակ գոյակցության։
Գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել COP17-ի ընթացքում այս հանձնառությունները վերածել կոնկրետ քայլերի։
ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան բնապահպանական երեք գլոբալ կոնվենցիաներից մեկն է, կարգավորում է միջազգային հանրության ջանքերը շրջակա միջավայրի կենսունակության, կենսաբանական բազմազանության պահպանման, վերականգման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ոլորտում։
Համաժողովները կազմակերպվում են երկու տարին մեկ անգամ։
Հիշեցնենք, որ 2026 թվականին հոկտեմբերի 17-30-ը Երևան քաղաքում անցկացվում է COP-17 միջոցառումը։