Ավելին 38 րոպե առաջ - 22:40 17-10-2026

«Հարրի Փոթերի» առաջին հրատարակության հազվագյուտ օրինակը վաճառվել է 400 հազար դոլարով

Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» վեպի 1997 թվականի հազվագյուտ առաջին հրատարակության օրինակը վաճառվել է գրեթե 400 հազար դոլարով։ Ինչպես հայտնում է New York Post-ը, կոշտ կազմով գիրքը հոկտեմբերի 14-ին վաճառվել է Տեխասում՝ Heritage Auctions աճուրդի տանը։

Չորս րոպե տևած մրցակցային սակարկություններից հետո գրքի վերջնական գինը կազմել է 320 հազար դոլար, իսկ գնորդի միջնորդավճարը ներառելուց հետո ընդհանուր գումարը հասել է 400 հազար դոլարի։

Գրքի բարձր արժեքը պայմանավորված է ոչ միայն դրա հազվագյուտությամբ, այլև առաջին հրատարակությանը բնորոշ առանձնահատկություններով։ Ենթադրվում է, որ այս տպաքանակից պահպանվել է ընդամենը շուրջ 500 օրինակ։

Գրքի 53-րդ էջում Հարրիի դպրոցական պարագաների ցանկում «1 փայտիկ» գրառումը կրկնվում է երկու անգամ։ Բացի այդ, տպագրության էջում հեղինակի անունը նշված է որպես Ջոան Ռոուլինգ։ Առաջին հրատարակությանը բնորոշ այլ մանրամասներ և վրիպակներ նույնպես պահպանվել են։

Գիրքը լույս է տեսել բրիտանական Bloomsbury հրատարակչության կողմից 1997 թվականին՝ դեռևս մինչև երիտասարդ կախարդի մասին պատմության համաշխարհային հաջողությունը։ Այդ ժամանակ առաջին հրատարակության որոշ օրինակներ նվիրաբերվել էին մանկական գրադարաններին, որպեսզի ընթերցողները հնարավորություն ունենան ծանոթանալու նոր գրքին։

Աճուրդի տան գնահատմամբ՝ վաճառված օրինակը շատ լավ վիճակում է։ Կազմի վրա կան միայն աննշան քերծվածքներ ու վնասվածքներ, իսկ էջերը տարիների ընթացքում փոքր-ինչ մգացել են։

«Հարրի Փոթերի» շարքի այլ հազվագյուտ հրատարակություններ նույնպես մեծ հետաքրքրություն են առաջացնում հավաքորդների շրջանում։ Ռոուլինգի ստորագրությամբ «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի ամերիկյան առաջին հրատարակության օրինակը նախկինում վաճառվել է 18,750 դոլարով՝ ներառյալ գնորդի միջնորդավճարը։ Իսկ «Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը» և «Հարրի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը» գրքերի ստորագրված օրինակները վաճառվել են մի քանի հազար դոլարով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող