Մեգան Մարքլը խոստացել է այլևս չկրել ֆրանսիացի դիզայներ Ռոլան Մուրեի ստեղծած հագուստները այն բանից հետո, երբ վերջինիս թիմը սխալմամբ կապ է հաստատել Քեյթ Միդլթոնի աշխատակազմի հետ՝ Սասեքսի դքսուհուն տրամադրված հագուստը վերադարձնելու համար։ Այս մասին Մուրեն պատմել է իր՝ «Ես Ռոլան Մուրեն եմ․ մսագործի տղան, որը հագցնում էր աշխարհը» հուշագրությունում։
Դիզայների պնդմամբ՝ Մարքլը կատարվածից հետո զանգահարել է իրեն և խիստ դժգոհություն հայտնել։
«Դու պատկերացում չունես, թե ինչ ես արել։ Դու ինձ խայտառակել ես»,-ասել է, ըստ Մուրեի, դքսուհին։
Դիզայները նշել է, որ ներողություն է խնդրել՝ տեղի ունեցածը վերագրելով իր աշխատակցուհու սխալին։ Սակայն, նրա խոսքով, Մարքլը չի ցանկացել լսել բացատրությունները։
«Հիմա դու հասկանո՞ւմ ես, որ ես երբեք այլևս չեմ կարող կրել քո հագուստը»,-ասել է Մարքլը՝ Մուրեի պատմելով։
Դիզայների և Մարքլի հարաբերությունները մտերմացել էին դեռևս 2015 թվականից։
Մուրեն ապագա դքսուհու հետ ծանոթացել էր Թուրքիայի հյուրանոցներից մեկում։ Նրա խոսքով՝ մի քանի ամիս անց Մարքլն առաջիններից մեկին հենց իրեն էր պատմել արքայազն Հարրիի հետ սկսված սիրավեպի մասին՝ դեռևս մինչև հարաբերությունների հրապարակայնացումը։ Հետագայում դիզայները նրան առաջարկել էր հագուստ տրամադրել պաշտոնական միջոցառումների համար։
Մուրեի պատմելով՝ տարաձայնությունը ծագել է այն ժամանակ, երբ իր աշխատակցուհին հագուստը վերադարձնելու հարցով դիմել է Քենսինգթոնյան պալատին՝ կապ հաստատելով Քեյթ Միդլթոնի թիմի հետ։ Դիզայները ենթադրել է, որ աշխատակցուհին այդ տարբերակն ընտրել է հարմարության նկատառումով, քանի որ ինքը երկար տարիներ համագործակցել է Ուելսի արքայադստեր հետ։
Մուրեն նաև պատմել է, որ ավելի ուշ Մարքլին տեսել է իր զգեստներից մեկի էժանագին կրկնօրինակով։ Դիզայների խոսքով՝ ինքը գրել է դքսուհուն՝ այդ ընտրությունը ծիծաղելի անվանելով։
Սասեքսի դքսուհու ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել Մուրեի հայտարարությունները։
Հուշագրությունում դիզայները ջերմորեն է արտահայտվել նաև Քեյթ Միդլթոնի մասին՝ նշելով, որ, իր կարծիքով, արքայադուստրը, եթե ընտրության հնարավորություն ունենար, գուցե նախընտրեր ապրել հանրային ուշադրությունից հեռու։