Վրաստանի իշխանությունները Եվրոպական միությանն առաջարկում են երկխոսություն սկսել՝ հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Երկու կողմերն էլ պետք է քայլեր ձեռնարկեն, և մենք ունենք շատ հստակ ու պարզ առաջարկ՝ սկսել երկխոսություն։ Մեր կարծիքով՝ այդ երկխոսությունը պետք է ընթանա քաղաքական մակարդակով, քանի որ, ի վերջո, հենց երկու կողմերի քաղաքական գործիչներն են որոշումներ կայացնում»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կոբախիձեն։
Ըստ կառավարության ղեկավարի՝ Թբիլիսիի և Բրյուսելի միջև երկխոսությունը պետք է լինի բաց և հրապարակային, այդ թվում՝ վրաց հանրության համար։
Կոբախիձեն նշել է, որ սա «իդեալական առաջարկ» է, քանի որ առանց երկխոսության ոչ մի հարց հնարավոր չէ լուծել․ ուստի հարաբերությունները կարգավորելու համար եվրոպական կառույցները պետք է պատրաստակամորեն ընդունեն այս առաջարկը։
Վրաստանի հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ սկսեցին վատթարանալ այն բանից հետո, երբ 2024 թվականի մայիսին Վրաստանի խորհրդարանն ընդունեց օրենք «օտարերկրյա գործակալների» մասին։ Նույն տարվա ընթացքում օրենսդիր մարմինն ընդունեց նաև «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենք: Այս երկու օրենքների ֆոնին արևմտյան երկրները եզրակացրին, որ Վրաստանը շեղվել է եվրոպական արժեքներից և այլևս չի ձգտում ինտեգրվել ԵՄ-ին։
Արդյունքում՝ ԱՄՆ-ն և ԵՄ անդամ մի շարք երկրներ սկսեցին պատժամիջոցներ կիրառել Վրաստանի կառավարության պաշտոնյաների նկատմամբ։ Արևմուտքի քննադատությանն արժանացան նաև 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնցում հաղթանակ տարավ իշխող «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը։