Արտաքին 1 ժամ առաջ - 20:43 16-10-2026

Լուկաշենկոն Լատվիայի հետ սահմանին իրավիճակը հատկապես լարված է անվանել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Լատվիայի հետ սահմանին տիրող իրավիճակը բնութագրել է որպես հատկապես լարված՝ հիշեցնելով Ռիգայի սադրանքի մասին։

Համապատասխան տեսանյութը հրապարակել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայության հետ սերտ կապեր ունեցող «Пул первого» Telegram-ալիքը։

«Այստեղ իրավիճակը հատկապես լարված է։ Այս փոքր պետությունները, թեև մենք էլ հսկայական երկիր չենք, իրենց լկտի են պահում։ Նրանք սադրում են խոշոր պետություններին՝ Գերմանիային, Ֆրանսիային, Լեհաստանին, Մեծ Բրիտանիային, և նրանց հրահրում են այստեղ։

Վերջերս լատվիացիների հետ սահմանին սադրանք տեղի ունեցավ։ Իբր՝ դուք այնտեղ ինչ-որ միգրանտների եք տեղափոխել։ Ես սկսեցի հարցաքննել զինվորականներին ու սահմանապահներին՝ ինչպե՞ս է դա հնարավոր։ Նրանք պատասխանեցին, որ նման գործողություններ չեն իրականացրել, և դրանք չէին կարող իրականացվել առանց իմ գիտության»,- ասել է Լուկաշենկոն Լատվիային սահմանակից Վիտեբսկի մարզի Վերխնեդվինսկի շրջանում ժողովրդական աշխարհազորի ստորաբաժանումներից մեկի ուսումնական վարժանքներին այցելության ժամանակ։

Պետության ղեկավարը նշել է, որ Բելառուսի հարևանների նման գործողությունները ստիպում են մշտապես զգոն լինել։

«Նրանք են դա հրահրել․ տեսագրել են կադրերը և տարածել լրատվամիջոցներով։ Ինչո՞ւ։ Մենք միշտ խաղաղ ենք ապրել։ Լատվիացիները մեզ համար օտար մարդիկ չէին։ Բայց տեսեք՝ ինչպես են իրենց պահում։ Հետևաբար, ամեն դեպքում, մենք միշտ պետք է պատրաստ լինենք դրան։ Բոլորը՝ եթե Աստված չանի, պատերազմ սկսվի, պետք է զենք վերցնեն։ Բոլորը»,- ընդգծել է Լուկաշենկոն։

Հոկտեմբերի 13-ին Բելառուսի նախագահը հերքել էր Լատվիայի մեղադրանքները, թե հանրապետությունից զինված խումբ է ներթափանցել Լատվիայի տարածք։