Ներքին 10 րոպե առաջ - 19:54 01-09-2026

Շիրակի 5 գյուղերում առաջինդասարանցի չկա․ մարզում դպրոց է գնացել 2636 երեխա

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Այս տարի Շիրակի մարզում առաջին դասարան է հաճախել 2636 երեխա։ Սակայն մարզի մի շարք գյուղերում սեպտեմբերի 1-ը առաջին դասարանցու համար դպրոցական առաջին օր չի դարձել․ մարզի 5 բնակավայրերում այս տարի առաջին դասարան հաճախող երեխա չկա։

Շիրակի մարզպետի աշխատակազմից Oragir.News-ին փոխանցել են, որ առաջին դասարանցի չունեն Ամասիա խոշորացված համայնքի Շաղիկ և Ալվար, Աշոցք համայնքի Սարագյուղ, ինչպես նաև Ախուրյան համայնքի Լեռնուտ և Նոր Ախուրյան բնակավայրերը։

Նշենք, որ Ախուրյան համայնքի Կարմրաքար բնակավայրում էլ ընդհանրապես դպրոց չկա, նախկինում իհարկե տարրական դպրոց եղել է, բայց այս գյուղի երեխաները Հացիկ և Մայիսյան գյուղերի դպրոց են հաճախում։

Oragir.News-ը զրուցել է առաջին դասարանցի չունեցող բնակավայրերի վարչական ղեկավարների հետ՝ հասկանալու, թե որն է պատճառը։ Շաղիկ բնակավայրի վարչական ղեկավար Արտակ Բադեյանի փոխանցմամբ՝ գյուղում առաջին դասարանցի չկա, քանի որ երեխաները հիմնականում հարևան գյուղի դպրոց են հաճախում, իսկ որոշ ընտանիքներ էլ լքել են բնակավայրը։ Նման իրավիճակ է նաև Ալվար, Լեռնուտ և Նոր Ախուրյան բնակավայրերում։ Սարագյուղի դեպքում պատկերը փոքր-ինչ այլ է։

Վարչական ղեկավար Ալեքսան Իգիթյանի խոսքով՝ գյուղում այս տարի մեկ առաջին դասարանցի կա, սակայն երեխան սովորելու է հարևան Բավրա գյուղի դպրոցում։ Նրա փոխանցմամբ՝ Սարագյուղի դպրոցի շենքային պայմաններն այնքան էլ վատ չեն։ Միաժամանակ, մարզի մյուս գյուղերում առաջին դասարան հաճախող երեխաների թիվը թեև փոքր է, սակայն դպրոցները դեռևս շարունակում են գործել։ Ամասիա համայնքի Ողջի բնակավայրի վարչական ղեկավար Նորայր Մկրտչյանի խոսքով՝ այս տարի գյուղում երեք առաջին դասարանցի կա, և ևս մեկ երեխա պետք է միանա նրանց։

Այսպիսով՝ առաջին դասարանում կունենան չորս աշակերտ։ Աշոցքի շրջանի Սիզավետ գյուղում այս տարի հինգ առաջինդասարանցի կա։ Գոգհովիտում՝ երկու։ Վարչական ղեկավար Վարդան Թադևոսյանը նշում է, որ գյուղում առաջին դասարանցիների թվի հետ կապված նման խնդիր նախկինում չի եղել։

«2 առաջինդասարանցի ունենք այս տարի, չեն ամուսնանում, երեխա չեն ունենում։ Չի եղել էդպիսի տարի, որ առաջինդասարանցի չունենանք»,- ասել է նա։

Թորոսգյուղի վարչական ղեկավար Արմենակ Սարգսյանի փոխանցմամբ՝ այս տարի գյուղի դպրոցում մեկ առաջին դասարանցի կա։

«Ծնողներին պիտի հարցնենք, թե ինչու չեն ուզում երեխա ունենալ, որ հիմա էս վիճակն է»,- նշել է նա։

Թավշուտ գյուղում այս տարի երկու առաջին դասարանցի կա, իսկ Կաքավասարում՝ մեկը։ Առաջին դասարանցիների թվի նվազումը հատկապես մտահոգիչ է փոքրաթիվ բնակավայրերի համար, քանի որ աշակերտների պակասը կարող է ուղղակիորեն անդրադառնալ դպրոցների հետագա գործունեության վրա։

Շիրակի մարզում դպրոցների խնդիրը առաջիկա տարիներին առավել ակնառու է դառնալու նաև դպրոցների օպտիմալացման ծրագրերի համատեքստում։ Մարզում նախատեսվում է փակել 48 դպրոց։ Այսպիսով, մարզում մի կողմից՝ հազարավոր երեխաներ են առաջին անգամ դպրոց մտնում, մյուս կողմից՝ կան գյուղեր, որտեղ առաջին դասարանն ընդհանրապես չի ձևավորվում։

Փոքր գյուղերի համար սա միայն կրթական խնդիր չէ․ այն նաև բնակչության նվազման, արտագաղթի և ժողովրդագրական իրավիճակի մասին խոսող ցուցանիշ է։

Անահիտ Չալիկյան