Ներքին 18 րոպե առաջ - 15:25 01-09-2026

Գանձաքարի դպրոցում ՄԻՊ-ը կարևորել է ուսումնական հաստատությունների պայմանների բարելավման աշխատանքները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ այցելել է ՀՀ Տավուշի մարզի դպրոցներ

Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ այցելել է Հմայակ Մեհրաբյանի անվան Գանձաքարի միջնակարգ դպրոց և Իջևանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց։

Այցերի շրջանակում Պաշտպանը շրջայց է կատարել երկու դպրոցներում՝ ծանոթանալով ուսումնական գործընթացին, երեխաների կրթության և զարգացման համար ստեղծված պայմաններին և կրթական միջավայրին։

Գանձաքարի միջնակարգ դպրոցում Անահիտ Մանասյանը կարևորել է պետության կողմից ուսումնական հաստատությունների պայմանների բարելավման, ժամանակակից կրթական միջավայրի ձևավորման և երեխաների համար որակյալ կրթության հասանելիության ապահովման ուղղությամբ իրականացվող հետևողական աշխատանքները։
Պաշտպանն ընդգծել է, որ դպրոցներում պատշաճ պայմանների ապահովումը երեխայի կրթության իրավունքի լիարժեք իրացման կարևոր նախապայմաններից է։ Այս համատեքստում ողջունելի են երեխաների համար անվտանգ, ներառական և ժամանակակից կրթական միջավայրի ձևավորմանն ուղղված նախաձեռնությունները, որոնք հնարավորություն են տալիս սովորելու և զարգանալու պատշաճ և բարենպաստ պայմաններում։

Անահիտ Մանասյանը հանդիպել և զրուցել է դպրոցների աշակերտների, ուսուցիչների և ծնողների հետ՝ շնորհավորելով նրանց Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։

Պաշտպանը երեխաների հետ զրույցում ընդգծել է, որ կրթությունը չպետք է ընկալել միայն որպես տեղեկատվություն ձեռք բերելու և սերտելու գործընթաց։ Այն նաև արժեքներ ձևավորելու և փոխանցելու, սեփական ներուժը բացահայտելու, ինքնուրույն ու քննադատաբար մտածելու կարողությունները զարգացնելու կարևոր հնարավորություն է։

«Առանցքային է, որպեսզի կրթական համակարգի միջոցով կարողանանք զարգացնել քննադատական մտածողությունը, և կրթության գործընթացն ընկալենք ոչ թե որպես տեղեկատվություն ստանալու ու սերտելու, այլ արժեքներ ձևավորելու և փոխանցելու գործընթաց։

Իսկ մեր՝ մեծահասակներիս պարտքն է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի դուք ապրեք խաղաղ և իրավահավասար միջավայրում, լինեք երջանիկ ու ներդաշնակ և ստանաք որակյալ կրթություն»,- նշել է Անահիտ Մանասյանը։
Պաշտպանն ընդգծել է նաև ուսուցիչների կարևոր դերակատարությունը ոչ միայն գիտելիք փոխանցելու, այլև արժեքներ ձևավորելու, քննադատական մտածողություն զարգացնելու և փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության մշակույթն ամրապնդելու գործում։

Անահիտ Մանասյանը դպրոցականներին մաղթել է խաղաղ, անվտանգ և նոր գիտելիքներով, ձեռքբերումներով ու հաջողություններով լի ուսումնական տարի։