Ներքին 1 ամիս առաջ - 19:16 28-08-2026

Վճռաբեկ դատարանը սահմանել է «գողական աշխարհի» հիմնական հատկանիշները

Գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում՝ Վճռաբեկ դատարանը 2026 թվականի օգոստոսի 28-ին շրջադարձային և ուղենիշային նշանակություն ունեցող որոշում է կայացրել Քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու հանցակազմի հատկանիշների առնչությամբ՝ համակարգային վերլուծության ենթարկելով նաև քրեական ենթամշակույթին առնչվող հանցակազմերը:

Մասնավորապես՝ միջազգային կոնվենցիոն դրույթների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային դիրքորոշումների լույսի ներքո մեկնաբանելով կազմակերպված հանցավորության և քրեական ենթամշակույթի դեմ պայքարի առանձնահատկությունները՝ Վճռաբեկ դատարանը սահմանել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ «գողական աշխարհի» հիմնական հատկանիշները և նշել, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը, կամ որպես այդ հասկացության հոմանիշ օրենսդրի կողմից կիրառված «գողական աշխարհը», օրենսդրական կարգավորման տեսանկյունից, ըստ էության, նույնանում են և վերաբերում են միևնույն երևույթին։

Հետևաբար, վերոնշյալ իրավանորմի շրջանակներում որպես քրեական ենթամշակույթ կրող խմբավորում պետք է դիտարկել ոչ թե առանձին խմբերը կամ խմբավորումները, այլ ամբողջ «գողական աշխարհը»՝ որպես միասնական համակարգ, իր ոչ ֆորմալ հիերարխիայով, հեղինակություններով և ազդեցությամբ, որը գործում է իր սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն։

Դրան բնորոշ է «խնդիրների լուծումը» բռնությամբ, ահաբեկումով և հարկադրանքով։ Ընդ որում, «գողական աշխարհի» գոյությունը, որպես հանրահայտ փաստ, քրեական վարույթի շրջանակներում ինքնին ապացուցման կարիք չունի։
Այլ խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր չէ յուրաքանչյուր կոնկրետ գործով հիմնավորել և ապացուցել «գողական աշխարհի»՝ որպես քրեական ենթամշակույթ կրող համակարգի գոյությունը։

Անդրադառնալով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու հանցակազմին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դրսևորվում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը չանդամակցող անձի կողմից խմբավորման հետապնդած նպատակներին որևէ կերպ ներգրավված լինելու, դրանց իրականացմանը նպաստելու ձևով։

Այլ խոսքով՝ վերոնշյալ անձինք քրեական աստիճանակարգությունից դուրս են գտնվում, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը («գողական աշխարհին») չեն անդամակցում կամ մասնակցում, պարզապես դրա նպատակների իրագործման հարցում ունենում են օժանդակ ներգրավվածություն։

Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ թեև քրեակատարողական հիմնարկներ հանձնուքներ ուղարկելը, ըստ էության, օրենսդրությամբ թույլատրելի է և չի կարող ինքնին քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցությունը կամ ներգրավվածությունը հաստատված համարելու հիմք լինել, այնուամենայնիվ, կարող է վերոնշյալ հանգամանքները գնահատելու հարցում որոշակի նշանակություն ունենալ՝ հաշվի առնելով այն անձանց շրջանակը, որոնց ուղարկվում են հանձնուքները, դրա պարբերականությունը, ինչպես նաև նրանց և ուղարկողի միջև առկա կապի բնույթը (օրինակ՝ ուղարկողի մերձավորը կամ մերձավոր ազգականը չեն հանդիսանում) և այլն։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քրեական ենթամշակույթ կրող անձը կոնկրետ հարցի լուծմանը ձեռնամուխ է լինում ոչ թե որպես մասնավոր անձ, այլ որպես քրեական ենթամշակույթի բարքեր կրող՝ իր արարքները պայմանավորելով տվյալ երևույթի գաղափարախոսության և հետապնդելի նպատակների շրջանակներում, որպիսի գործողությունները դուրս են սեփականության դեմ ուղղված հարաբերությունների շրջանակներից։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց