Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության հեռանկարը շարունակում է հասարակության շրջանում հակասական վերաբերմունքի արժանանալ։ Թեև վերջին հանրային հարցումների համաձայն՝ ԵՄ անդամակցության գաղափարին կողմ քաղաքացիների թիվը գերազանցում է դեմ արտահայտվողներին, միևնույն ժամանակ կա նաև զգալի հատված, որը չի հավատում անդամակցության իրատեսականությանը կամ դեմ է դրան։
Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը հատկապես ակտիվացել է վերջին շրջանում․ երկիրը խորացնում է հարաբերությունները ԵՄ-ի հետ, իսկ իշխանությունները հայտարարել են եվրոպական ուղղությամբ առաջ շարժվելու մասին։ Միաժամանակ, Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչն այս գործընթացը դարձնում է նաև քաղաքական ու աշխարհաքաղաքական քննարկումների առարկա։
Oragir.News-ը Երևանի տարբեր թաղամասերում հարցում է անցկացրել, պարզելու՝ քաղաքացիները մոտ ապագայում հնարավո՞ր են համարում Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը և ինչպե՞ս են վերաբերվում այդ հեռանկարին։
Հարցվածներից ոմանք կարծիք հայտնեցին, թե եվրոպական ուղղությունը Հայաստանի համար ավելի լավ տնտեսական ու քաղաքական հեռանկար կարող է ապահովել։ Ոմանք էլ ասացին, թե չեն հավատում, որ Հայաստանը մոտ ապագայում կանդամակցի ԵՄ-ին, իսկ որոշ քաղաքացիներ ընդհանրապես դեմ արտահայտվեցին այդ գործընթացին։
«Չէ, իհարկե։ Որովհետև իրականում մեզ այնտեղ ոչ ոք չի սպասում»,- ասաց մի քաղաքացի։
Մեկ այլ հարցված նշեց, որ այս պահին որևէ կանխատեսման չի հավատում։
«Մոտ ապագայում՝ ոչ։ Գիտեք՝ ես հիմա ոչ մի բանի չեմ հավատում։ Այնքան ստախոսություն է եղել, այնքան չարություն է եղել, որ չգիտեմ՝ ինչին հավատամ։ Բայց մենք շատ ուրախ ենք, որ հայրենիք ենք եկել, մեր հայրենիքն ենք զգում։ Իհարկե, կուզենք, որ ավելի լավ լինի։ Մենք այստեղ շատ ենք սիրում, և առաջընթաց էլ կա»,- ասաց նա։
Մյուս քաղաքացիներն, ընդհակառակը, դրական գնահատեցին եվրոպական ինտեգրման հեռանկարը։
«Այդպես ինձ թվում է՝ ավելի լավ կլինի։ Դեպի դրան է տանում»,- ասաց քաղաքացին։
Մեկ այլ հարցված էլ Հայաստանի՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցությունը դրական փոփոխությունների հնարավորություն համարեց։
«Եվրամիությո՞ւն։ Հա, շատ լավ։ Այդպես ինձ համար ավելի լավ կլինի, քան Ռուսաստանի միությունը։ Հուսով եմ՝ շատ ավելի լավ տնտեսական վիճակ կունենանք»,- ասաց նա։
Քաղաքացիներից մեկը կարծիք հայտնեց, թե չի կարծում, որ անդամակցությունը մոտ ապագայում հնարավոր է, բայց չբացառեց այդ հեռանկարը։
«Մոտ ապագայում, կարծում եմ, չի լինի, բայց տարիների ընթացքում, հնարավոր է՝ միանանք Եվրամիությանը։ Միանգամայն կողմ եմ։ Ռուսները մեզ դավաճանել են, այդքանը բավարար է։ Կարող եմ հիմնավորել, պատմական էքսկուրս անել, թե որքան են նրանք մեզ դավաճանել»,- ասաց նա։
Հարցվածներից մեկն էլ ասաց, թե ոչ միայն չի հավատում Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցությանը, այլև դեմ է այդ գործընթացին։
«Ոչ թե հնարավոր եմ համարում, այլ դեմ եմ Եվրամիության անդամակցությանը։ Չեմ հավատում դրան»,- ասաց քաղաքացին։
Նրա խոսքով՝ Եվրոպան Հայաստանին չի ընդունի որպես ԵՄ անդամ։
«Իմ տեսանկյունն է։ Եվրոպան մեզ չի ընդունելու, Ուկրաինայի օրն ենք ընկնելու։ Ասելու բան չունեմ»,- եզրափակեց քաղաքացին։
Մանրամասները՝ տեսանյութում:
Մերի Հակոբյան