Ներքին Միտք 58 րոպե առաջ - 20:00 25-08-2026

«Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

ԱԺ-ում հարաբերական խաղաղ էր։ Բարեկրթության սահմաններում էին աշխատում պատգամավորները։ Էդգար Ղազարյանի «սրիկայաբար» բառը փոքր-ինչ հուզեց ՔՊ-ականներին, բայց օրեր անց մոռացվեց։ Իսկ երբ Նիկոլ Փաշինյանը մտավ ԱԺ, բարեկրթությունից մնացին բարի հուշեր։

«Մեզ ասում են՝ Արցախը կործանած, հազարավոր զոհեր բերած այդ պիղծ դավաճանն ինչո՞ւ է մինչև հիմա այստեղ»,- օգոստոսի 24-ին ԱԺ-ում ասաց պատգամավոր Լևոն Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ։

Օգոստոսի 25-ի առավոտյան ձերբակալվեցին Ռոբերտ Քոչարյանը, Սեդրակ Քոչարյանը, խուզարկություններ կատարվեցին Քոչարյանի ընտանիքի հետ ասոցիացվող ընկերություններում։ Ոմանք Լևոն Քոչարյանի հարցը կապում են այս ձերբակալությունների հետ, ենթադրելով, որ Փաինյանը պատժում է Քոչարյանի ընտանիքին Լևոն Քոչարյանի «պիղծ դավաճան» արտահայտության համար։

Ի՞նչ երևույթ է սա քաղաքականության մեջ և ի՞նչ շարունակություն կունենա։

Ժողովրդավարական երկրում այսպիսի բաներ չեն լինում։ Եթե «պիղծ դավաճան» արտահայտությունը վիրավորական է քաղաքական գործչի համար, ապա նա դիմում է դատարան։ Առավելագույնը կարող են սուտ մատնության համար դատապարտել, եթե վիրավորողը չկարողանա ապացուցել, որ տվյալ գործիչը դավաճան է։

Հայաստանում այլ է։ Փաշինյանը օգոստոսի 24-ին հարցուպատասխանի ժամանակ ասաց հետևյալը. «Պիղծ ա ձեր Վեհափառը, պիղծ ա։ Եթե դուք խնդիր չունեք, որ Մայր Աթոռում նստած մարդը սեռական կյանք ունի՝ դմդմփացրեք ինչքան ուզում եք»։

Եթե «պիղծը» վիրավորական է, ապա ինչո՞ւ է այդ բառը կիրառում Փաշինյանը։ Նրան կարելի է, իսկ Լևոն Քոչարյանին՝ ո՞չ։ Վտանգավորն այստեղ այն է, որ վիրավորական բառերը դառնում են սովորական։ Մարդիկ կարող են կորցնել բարոյականության կողմնացույցը։ Իսկ գրքերից հայտնի է, որ բարոյապես այլասերված քաղաքները կործանվում են։ Հետևաբար՝ բոլորը պետք է իրենց հաշիվ տան, թե ինչ են խոսում։

Ենթադրելի է, որ բարձրաստիճան պաշտոնյաները, միմյանց վիրավորելով և բարոյական քաոս ստեղծելով, լուրջ նպատակ են հետապնդում։ Բարոյական քաոսի ժամանակ, որպես օրինաչափություն, զանգվածային անկարգություններ են սկսվում։ Իշխանությունը ևս օգտվում է բարոյական քաոսից, բռնաճնշումներ իրականացնում։ Օգոստոսի 25-ի առավոտյան ձերբակալությունները դրա ապացույցն են։ Եթե բարոյական քաոս չլիներ, ապա նման ապօրինությունները հնարավոր չէին լինի, իրավապահը օրենքի և բարոյականության դիրքերում կմնար, հանիրավի ձերբակալություններ ու խուզարկություններ չէր անի։ Հասարակությունն էլ կըմբոստանար, ցույցեր կաներ։ Իսկ երբ բարոյականության սահմաններ չկան, և մարդու բարոյականության կողմնացույցը խախտված է, ապա նա համարժեք չի արձագանքում իրականությանը, այդ թվում՝ հանիրավի բռնաճնշումներին։

Բարոյական քաոսը ձեռնտու է նաև հեղափոխականին, որն ուզում է իշխանության հասնել հեղափոխության ճանապարհով։ Օրեր առաջ Էդգար Ղազարյանի կողմից կիրառված «սրիկայաբար» բառը չխախտեց կողմնացույցը, կրքերը հանդարտվեցին մի քանի օր անց։ Իսկ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած արտահայտություններից, ինչպես նաև Լևոն Քոչարյանի հարցից հետո ռեալ լարվածություն առաջացավ, որն ավելի սրվեց Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությամբ։ Եվ այս իրավիճակում ինչպես իշխանությունը կարող է զանգվածային բռնաճնշումներ իրականացնել, այնպես էլ ընդդիմադիր ուժերը տեսականորեն կարող են թեժացնել աշունը։ Գուցե Փաշինյանն ու ընդդիմությունն ուզում են նոր հեղափոխությո՞ւն անել։

Պատկերավոր ասած՝ «պիղծը» հաղթեց «սրիկայաբարին», իսկ բարեկրթության ռուբինյանական պայմանը փաստացի արդեն գոյություն չունի։ «Սրիկայաբարը» չհանգեցրեց զանգվածային բռնաճնշումների կամ քաղաքացիների զանգվածային ելույթների։ Այնինչ «պիղծը» լուրջ արձագանք ստացավ։ Ենթադրելի է, որ ընդդիմադիր ուժերն արդյունավետ քայլերի կդիմեն, կկանգնեն անկախության ու ժողովրդավարության պաշտպանության դիրքերում, համարժեք օրենսդրական նախաձեռնություններով հանդես կգան, որոնց արդյունքում կստանան ժողովրդի և Արևմուտքի աջակցությունն ու կկարողանան հասնել իշխանության։ Իսկ եթե նրանք մնան նույն ռուսամետ դիրքերում, ապա բարոյական քաոսից կշահի Փաշինյանը, ինչպես նաև Կրեմլը, որին ձեռնտու է Փաշինյանի վարած այս կուրսը։




Թաթուլ Մկրտչյան