Ներքին Տեսանյութ 55 րոպե առաջ - 20:30 23-07-2026

Յուրաքանչյուր ինքնասպանության հետևում հրամանատարական շղթայի բացթողումներն են

Մերի Հակոբյան

Լրագրող

Զինված ուժերում վերջին շրջանում գրանցված ինքնասպանությունների և մահվան դեպքերը շարունակում են հանրային լուրջ մտահոգության առարկա մնալ։ Չնայած իշխանությունները մշտապես խոսում են, որ բանակում հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել, նմանատիպ դեպքերը շարունակվում են:

Հուլիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն չէր մանրամասնել, թե որ հոդվածով։

Ռազմական փորձագետ Ավետիք Քերոբյանի համոզմամբ՝ նման ողբերգությունները կանխելու համար անհրաժեշտ է համակարգային աշխատանք, իսկ յուրաքանչյուր դեպք պետք է ուսումնասիրվի մինչև վերջ՝ բացահայտելով բոլոր պատասխանատուներին:

«Զորակոչից առաջ, զորակոչի ընթացքում և ծառայության ամբողջ ընթացքում զինծառայողների հետ պետք է մշտապես աշխատեն հոգեբաններն ու հոգևոր սպասավորները։ Անհրաժեշտ է նախապես բացահայտել այն հոգեբանական, սոցիալական կամ անձնական խնդիրները, որոնք հետագայում կարող են հանգեցնել նման ողբերգությունների»,- ասաց նա։

Փորձագետի խոսքով՝ յուրաքանչյուր ինքնասպանության կամ կասկածելի մահվան դեպք պետք է մանրակրկիտ քննվի՝ մինչև պատճառահետևանքային ամբողջ շղթայի բացահայտումը։

«Յուրաքանչյուր դեպք պետք է մանրամասն ուսումնասիրվի, բացահայտվեն բոլոր թերություններն ու բացթողումները, ինչպես նաև այն պատճառները, որոնք հանգեցրել են ողբերգությանը։ Պետք է հստակ պատասխանատվության ենթարկվեն բոլոր մեղավորները, և դա պետք է արվի հրապարակային։ Չպետք է մնա որևէ չուսումնասիրված հանգամանք կամ որևէ անպատիժ մեղավոր»,- ընդգծեց նա։

Ավետիք Քերոբյանի գնահատմամբ՝ նման դեպքերի պատճառները հաճախ շատ ավելի խորն են, քան կարող է թվալ առաջին հայացքից։

«Չի կարելի կարծել, թե նման ողբերգությունների պատասխանատվությունը սահմանափակվում է միայն տվյալ դիրքի կամ ստորաբաժանման զինծառայողներով։ Խնդիրները կարող են հասնել մինչև հրամանատարական օղակ։ Կան հրամանատարներ, որոնք ենթակաների հետ շփվում են հայհոյանքներով, նվաստացնում կամ վիրավորում են նրանց։ Նման վարքագիծը պետք է բացառվի, իսկ նման հրամանատարները՝ պատասխանատվության ենթարկվեն»,- նշեց նա։

Փորձագետը նաև ընդգծեց, որ բանակում անհրաժեշտ է շարունակական հոգեբանական գնահատում իրականացնել ոչ միայն զինվորների, այլև հրամանատարական կազմի նկատմամբ։

«Կարող է լինել զինվոր կամ սպա, որը հոգեբանի կամ նույնիսկ հոգեբույժի օգնության կարիք ունի, սակայն այդ խնդիրը ժամանակին չի բացահայտվում։ Հետագայում դա կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների»,- ասաց նա։

Անդրադառնալով այն տեսակետին, թե անհնար է մշտապես վերահսկել հազարավոր զինծառայողների հոգեբանական վիճակը, Քերոբյանը չհամաձայնեց այդ պնդման հետ։

«Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ հնարավոր չէ վերահսկել այդքան մեծ թվով զինծառայողների։ Եթե յուրաքանչյուր զինվորի հոգեբանական դիմանկարը կազմվի դեռ զորակոչից առաջ և ծառայության ընթացքում պարբերաբար թարմացվի, ապա նման ռիսկերը հնարավոր կլինի զգալիորեն նվազեցնել»,- նշեց նա։

Խոսելով իշխանությունների կողմից բանակում իրականացված բարեփոխումների մասին՝ ռազմական փորձագետը կասկածի տակ դրեց դրանց արդյունավետությունը։

«Եթե մեզ ասում են, որ բանակում իրականացվել են բարեփոխումներ, ապա այս ողբերգական դեպքերն ապացուցում են հակառակը։ Այն, ինչ ներկայացվում է որպես բարեփոխում, իրականում շատ հաճախ ընդամենը գործունեության իմիտացիա է։ Արդյունքն ակնհայտ է՝ մենք շարունակում ենք մարդկային կորուստներ ունենալ խաղաղ պայմաններում»,- ասաց նա։

Քերոբյանի խոսքով՝ հատկապես ցավալի են այն դեպքերը, երբ զինվորը զոհվում է ոչ թե հակառակորդի գործողությունների հետևանքով, քանի որ, ինչպես ինքն է նշում, թշնամու կրակոցից ընկած զինվորի կորուստը որքան էլ ծանր լինի, պատերազմի իրականության մասն է, սակայն երբ հայ զինվորը հայ զինվորին հասցնում է ինքնասպանության կամ ողբերգության, դա շատ ավելի ցավալի և վտանգավոր երևույթ է, որը մեկ կամ երկու անձի խնդիր չէ, այլ հրամանատարական ամբողջ շղթայում առկա բացթողումների և թերացումների հետևանք։

Մանրամասները՝ տեսանյութում:



Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
21:34 ԿԸՀ-ն չի մերժել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է