«Ջրաշխարհի» և այլ օբյեկտների սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին պատկանող «Վալենսիա» ընկերությունն արդեն երկրորդ տարին անընդմեջ աշխատում է վնասով: Սա են փաստում ընկերության հրապարակած պաշտոնական վերջին հաշվետվության տվյալները:
2024 թվականին ընկերության տարեկան զուտ վնասը կազմել է 449 849 000 դրամ: 2025 թվականին իրավիճակը որոշակիորեն բարելավվել է, սակայն ընդհանուր համապարփակ ֆինանսական արդյունքը դարձյալ բացասական է՝ արձանագրելով 365 301 000 դրամի (մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլար) վնաս:

Սովորաբար, երբ բիզնեսը երկար ժամանակ մեծ վնասներ է կրում, սեփականատերերը փակում են հիմնարկները և աշխատողներին ազատում աշխատանքից: Բայց «Վալենսիայի» դեպքում պատկերն ամբողջովին այլ է: Փաստաթղթերի համաձայն՝ 2025 թվականի ընթացքում ընկերության աշխատողների միջին թվաքանակը կազմել է 173 մարդ (2024-ի 181-ի դիմաց): Սա նշանակում է, որ, չնայած խորացող ֆինանսական ճգնաժամին և ՍՊԸ-ի առջև ծառացած դժվարություններին, սեփականատեր Խաչիկ Սերգեյի Խաչատրյանը (ով հանդիսանում է ընկերության հիմնական բաժնետերը՝ 1 069 685 հատ բաժնետոմսով) գնացել է աշխատատեղերի առավելագույն պահպանման ճանապարհով:

Վնասով աշխատելու պայմաններում ավելի քան 170 աշխատատեղ պահելը առաջին հայացքից կարող է հումանիզմի դրսևորում թվալ: Սակայն տնտեսական տեսանկյունից սա սովորաբար բացատրվում է ոչ թե բարեգործությամբ, այլ բիզնեսի հստակ շահերով կամ չհայտարարագրված եկամուտների առկայությամբ:
Հասմիկ Մովսիսյան