Ինչպես արդեն
հայտնի էր դարձել հանրությանը, սննդաբան Լիլիթ Բասյանի անձնական կյանքում նոր ու երջանիկ փուլ է սկսվել. նրա նոր ընտրյալն ազգությամբ բրազիլացի է: Անդրադառնալով իր շուրջ քննարկվող այս թեմային՝ Լիլիթը հանդես է եկել ծավալուն, հոգեբանական ու չափազանց ոգեշնչող գրառմամբ՝ ուղղված բոլոր այն կանանց, ովքեր կորցրել են հավատը սիրո նկատմամբ:
Լիլիթն ընդգծել է, որ իր պատմությամբ կիսվում է ոչ թե անձնականով ցուցադրվելու, այլ կանանց աջակցելու և ինքնավստահություն փոխանցելու նպատակով.
«Ես կիսվում եմ սիրո իմ պատմությամբ ոչ թե նրա համար, որ ուզում եմ պատմել իմ մասին: Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր կին, ով մի օր լսել է. «Քեզ հետ ինչ-որ բան այն չէ», դադարի դրան հավատալ:
Ձեզ հետ ամեն ինչ կարգին է: Պարզապես Ձեր կողքին ճիշտ մարդիկ չեն եղել: Ամուսնալուծությունը խարան չէ: Սխալները դատավճիռ չեն: Դա ընդամենը հոգու փորձառություն է, որն օգնում է ճանաչել ինքդ քեզ և մի օր հանդիպել մի մարդու, ում կողքին կարիք չկա ապացուցելու սեփական արժեքը»,- գրել է նա:
Խոսելով իր նոր զգացմունքների ու ընտրյալի մասին՝ սննդաբանը կիսվել է սիրո իր ընկալմամբ, որը ձևավորվել է տարիների փորձով.
«Ես հավատում եմ, որ յուրաքանչյուրի համար գոյություն ունի նա, ում հետ սերը դառնում է տուն, այլ ոչ թե պայքար: Իսկական սերը չի փրկում, այն ոգեշնչում է: Չի դատապարտում, այլ ընդունում է: Այն չես կարող գնել կամ վաստակել զոհողություններով: Սերը ցավ չէ և ոչ էլ մշտական փորձություն: Դա մի վայր է, որտեղ երկու մարդ ամեն օր ընտրում են միմյանց՝ մնալով ինքն իրենցով»:
Գրառման ավարտին Լիլիթ Բասյանը հույս ու լուսավոր հավատ է փոխանցել իր հետևորդներին՝ հիշեցնելով, որ յուրաքանչյուրն արժանի է իսկական երջանկության.
«Եվ եթե այսօր կորցրել եք հավատը, խնդրում եմ, մի՛ կորցրեք այն: Երբեմն Աստված պարզապես ավելի երկար է մեզ տանում դեպի այն, ինչն իսկապես նախասահմանված է հենց մեզ համար»,- եզրափակել է նա:
Թամարա Քալանթարյան