Մամուլ 1 ժամ առաջ - 08:42 22-07-2026

5 տարի անց կրկին վերաբացվել է «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. Նոր փուլ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանի՝ հանրությանը հայտնի «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը, որը շուրջ հինգ տարի քննվում է դատարանում, կրկին ընթացքի մեջ է։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գործի քննությունը կասեցված էր, քանի որ 2024 թվականին դատարանի որոշմամբ նշանակվել էր դատաշինարարատեխնիկական փորձաքննություն։ Այժմ փորձաքննության եզրակացությունն արդեն ստացվել է, ինչից հետո դատարանը վերաբացել է գործի քննությունը։

Հիշեցնենք, որ քրեական գործը 2021 թվականի հունվարի 13-ից գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում։ Չորս տարի տևած դատաքննությունից հետո՝ 2024 թվականի հոկտեմբերի 31-ի դատական նիստում, դատարանը որոշել էր նշանակել դատաշինարարատեխնիկական փորձաքննություն, ինչի հետևանքով գործի քննությունը փաստացի կասեցվել էր մինչև եզրակացության ստացումը։

Այդ ժամանակ հարց էր առաջացել, թե ինչու է դատարանը տարիներ շարունակ քննվող քրեական գործով լրացուցիչ փորձաքննություն նշանակում և ինչ հանգամանքներ է փորձում պարզել կամ հաստատել դրա միջոցով։ Այժմ, երբ փորձագիտական եզրակացությունը ներկայացվել է դատարան, գործի քննությունը վերսկսվել է։

Ըստ մեղադրանքի՝ Մհեր Սեդրակյանը, 1999-2008 թվականներին զբաղեցնելով Երևանի Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնը, «շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, 2004 թվականի ընթացքում համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության և Էրեբունի համայնքի շահերին հակառակ, ինչի հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։

Հատկանշական է, որ Մհեր Սեդրակյանի ընտանիքի անունը վերջին շրջանում հայտնվել է նաև մեկ այլ աղմկահարույց պատմության համատեքստում։

Ինչպես արդեն հայտնել էինք, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում միայն Երևանում անհատույց օգտագործման իրավունքով ստացել էր 36 շտաբային տարածք, որոնք հիմնականում տրամադրվել էին մայիսի 1-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում։ Այսինքն՝ գրասենյակային տարածքներ էր «նվիրել»՝ առանց վարձակալության։ Ինչ ծառայության դիմաց՝ թերևս հասկանալի է, քանի որ Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, խոշոր գործարար է, շինարարական բիզնեսներ ունի և օրվա իշխանության հետ պահում է փայլուն հարաբերություններ։

Տեղեկացնենք, որ Էրեբունի վարչական շրջանում ՔՊ-ի նախընտրական շտաբը գործել է Սասունցի Դավիթ 76/4 հասցեում, և այն կուսակցությանը անվճար օգտագործման իրավունքով տրամադրել էր Արտակ Գևորգյանը։

Ուշագրավ է, որ Արտակ Գևորգյանի եղբայրը՝ Արթուր Գևորգյանը, ներգրավված է Մհեր Սեդրակյանին և նրա որդուն պատկանող մի շարք ընկերություններում։ Մասնավորապես, Արտակ Գևորգյանի անվամբ գրանցված է Սեդրակյանների «Դռագսման» բետոնի արտադրությամբ զբաղվող ընկերության 19 տոկոս բաժնեմասը։ Նա նաև նախկինում բաժնետեր է եղել Մհեր Սեդրակյանի որդուն պատկանող «Բեստ ֆրենդս» ընկերությունում, որը զբաղվում է պեռլիտի փոշու, չոր շաղախների և պլաստմասե խողովակների արտադրությամբ։

Հիշեցնենք նաև, որ Մհեր Սեդրակյանին և նրա ընտանիքին վերաբերող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում դատախազությունը 2024 թվականին հենց այս երկու ընկերությունների բաժնեմասերը ևս ներառել է որպես ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույք։ Բայց տարիներ շարունակ այս գործը տեղից չի շարժվում»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը