Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից կազմակերպված վերջին մրցույթներից մեկը հանրային և մասնագիտական շրջանակներում լուրջ հարցադրումների տեղիք է տվել: Խոսքը «Հայաստանում անտառների դիմակայունության բարձրացում մեղմացման միջոցառումների շնորհիվ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների գնման մասին է:
Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ 66 միլիոն 580 հազար դրամ արժողությամբ այս խոշոր պայմանագիրը շահել է «Մոնթե Կորպորեյշն» ՍՊԸ-ն, որն առաջարկել է ավելի ցածր գին, քան մրցակից «Գաքս Գրուպ» ՍՊԸ-ն:
Oragir.News-ը կփորձի պարզել՝ որքանով է հաղթող ընկերության գործունեության բնույթը համապատասխանում պատվիրված աշխատանքների բարդությանը։ Այնուամենայնիվ, մի բան հստակ է՝ «Մոնթե Կորպորեյշն» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2020 թվականին, հայտնի է որպես բազմապրոֆիլ ընկերություն։ Նրա հիմնական գործունեության ուղղություններն են՝ շինարարությունը, միջոցառումների կազմակերպումը (ներառյալ զբոսաշրջային RoadShow-ները), քաղաքային տոնական ձևավորումները։

Անտառների վերականգնումը և անտառապատումը նեղ մասնագիտական, գիտականորեն հիմնավորված և բնապահպանական հատուկ հմտություններ պահանջող գործընթաց է: Այն ներառում է տնկիների ճիշտ ընտրություն, հողային պայմանների գնահատում և երկարատև խնամք, ինչը սովորաբար իրականացնում են մասնագիտացված կառույցները: Թե ինչպես է միջոցառումների ձևավորմամբ զբաղվող ընկերությունը ստանձնելու այս պատասխանատվությունը, մնում է չպարզաբանված:

Պետական միջոցների արդար և նպատակային ծախսումն ապահովելու համար կարևոր է դառնում նախարարության կողմից վերահսկողության մեխանիզմների հստակեցումը: Սա թույլ կտա հանրությանը պատկերացում կազմել, թե ինչ երաշխիքներ կան, որ ծախսվող 66.6 միլիոն դրամի դիմաց Հայաստանում իրականում կանաչ տարածքներ կավելանան:
Տեղեկացնենք, որ
Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն: Պատասխանը կհրապարակենք ստանալուն պես:
Հասմիկ Մովսիսյան