Բրիտանական միապետության պատմության մեջ սպասվում է աննախադեպ ու պատմական իրադարձություն. Արքայադուստր Մարգարեթի թոռը և Եղիսաբեթ II թագուհու ծոռը՝ 29-ամյա Սամուել Չատտոն, պաշտոնապես հայտարարել է իր սիրելիի՝ հայկական ծագում ունեցող բրիտանացի նկարչուհի Էլեոնոր (Էլլի) Էքսերջյանի հետ նշանադրության մասին, ինչը նշանակում է, որ Վինձորների դինաստիան շուտով կարող է ողջունել իր առաջին հայազգի անդամին։
Ինչպես հաղորդում է BBC-ն, հուլիսի 13-ին ինստագրամում հրապարակված սև-սպիտակ լուսանկարներով հաստատված լուրն արդեն պաշտոնապես հավանության է արժանացել Բուքինգհեմյան պալատի կողմից, իսկ թագավոր Չարլզ III-ն անձամբ է շնորհավորել սիրահարներին, ում հարսանեկան հանդիսավոր արարողությունը նախատեսված է 2027 թվականի գարնանը։
Այս նշանադրությունը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև այն պատճառով, որ Սամուելը լիովին հրաժարվել է դարավոր թագավորական ավանդույթներից՝ սովորական ադամանդների ու շափյուղաների փոխարեն ընտրելով մինիմալիստական ոճով պատրաստված ճենապակյա մատանի, որը խորհրդանշում է հարաբերությունների ամրությունն ու երկարակեցությունը։
Զույգը, որը ծանոթացել է դեռևս 2021 թվականին Էդինբուրգի համալսարանում արվեստի պատմություն ուսանելիս, այժմ ապրում և ստեղծագործում է Լոնդոնում, ընդ որում՝ Էլեոնորը սերտ կապ է պահպանում իր պատմական հայրենիքի հետ. նա ոչ միայն այցելել է Հայաստան և ստեղծել «Երևակայական լանդշաֆտներ» դեբյուտային աշխատանքը, այլև Լոնդոնում բացել է «Մենք ենք մեր սարերը» անհատական ցուցահանդեսը, իսկ նշանադրության սիրառատ լուսանկարներից մեկն արվել է հենց Երևանի ֆոտոխցիկներից մեկում:
Հատկանշական է, որ սիրահարների նշանադրության մասին հայտարարվել է հուլիսի 13-ին՝ ճիշտ այն օրը, երբ ուղիղ 79 տարի առաջ պալատը հայտարարեց ապագա թագուհի Եղիսաբեթ II-ի և արքայազն Ֆիլիպի նշանադրության մասին, ինչն այս գեղեցիկ սիրո պատմությանը հաղորդում է առանձնահատուկ խորհրդանշական ու պատմական երանգ։
Թամարա Քալանթարյան