Գերմանիան կֆինանսավորի Ուկրաինայի համար 50 հազար հարվածային անօդաչու սարքերի գնումը, ինչը կդառնա Կիևին արևմտյան երկրների կողմից այս տեսակի սպառազինության հայտնի ամենախոշոր մատակարարումներից մեկը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով հարցին ծանոթ աղբյուրին։
Խոսքը ուկրաինական SkyFall ընկերության արտադրած Shrike FPV-դրոնների մասին է։ Անօդաչու սարքերը հագեցած են ամերիկյան պաշտպանական տեխնոլոգիական Auterion ընկերության ծրագրային ապահովմամբ, որը թույլ է տալիս թռիչքի վերջին փուլում ինքնուրույն հետևել և խոցել շարժվող թիրախները։
Auterion-ի ղեկավար Լորենց Մայերը հաստատել է պայմանագրի ծավալը՝ դրա արժեքը գնահատելով մոտ 90 մլն եվրո (մոտ 103 մլն դոլար)։ Ըստ նրա, ֆինանսավորումը տրամադրվել է եվրոպական երկրներից մեկի կողմից։ Դրոնների մի մասն արդեն փոխանցվել է Ուկրաինային, մնացածը պետք է մատակարարվի մինչև տարեվերջ։
Auterion-ի ղեկավարը հայտնել է, որ իր ընկերությունն այս տարվա ընթացքում մի քանի արտադրողների հետ համագործակցությամբ մասնակցում է Ուկրաինայի համար շուրջ 100 հազար անօդաչու սարքերի մատակարարմանը։ Դրանց թվում է Պենտագոնի 50 մլն դոլարի պայմանագիրը, որը նախատեսում է 33 հազար դրոնի մատակարարում, որոնք, ինչպես պնդվում է, արդեն փոխանցվել են Կիևին։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան հայտարարել էր 2026 թվականին Ուկրաինային 150 հազար անօդաչու սարք տրամադրելու ծրագրերի մասին՝ 752 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ ավելի խոշոր ռազմական օգնության փաթեթի շրջանակում։