Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին իր զորակցությունն է հայտնել պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուին այն բանից հետո, երբ Պորտուգալիայի ընտրանին ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչում նվազագույն հաշվով զիջեց Իսպանիային (0:1) և լքեց պայքարը։
Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստի համոզմամբ՝ Աշխարհի առաջնության չեմպիոնական տիտղոսի բացակայությունը բնավ չի նսեմացնում Ռոնալդուի հսկայական ավանդն ու նշանակությունը համաշխարհային ֆուտբոլում:
«Այն հանգամանքը, որ շատ ականավոր ֆուտբոլիստներ չեն նվաճել Աշխարհի գավաթը, չի արժեզրկում նրանց ներդրումը։ Ռոնալդուի թողած ժառանգությունը կասկածից վեր է։ Ես նրան ամենայն բարիք եմ մաղթում և ցանկանում եմ, որ հասնի կարիերայում 1000 գոլի սահմանագծին։
Իր ապրելակերպով, խաղի հանդեպ ունեցած վերաբերմունքով ու մտածելակերպով նա ոգեշնչել է մի քանի սերունդների, հատկապես՝ երեխաներին։ Նայեք նրա ֆիզիկական մարզավիճակին․ դա շատերի համար ուղղակի օրինակ է։ Այնպես որ, բարեկամս, հաջողություն եմ մաղթում քեզ այն ամենում, ինչով կորոշես զբաղվել հետագայում»,- Անրիի խոսքերն է մեջբերում Fox Sports-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնապես հայտարարել էր, որ այլևս չի պլանավորում մասնակցել Աշխարհի առաջնություններին: Մունդիալի ոսկե գավաթը միակ խոշոր և կարևորագույն տիտղոսն է, որը բացակայում է պորտուգալացու հարուստ մարզական հավաքածուից:
Armsport