Ներքին 2 ամիս առաջ - 18:09 07-07-2026

Arca-ն պատրաստվում է ընդլայնել քարտի կիրառությունը Հայաստանի սահմաններից դուրս

Մերի Հակոբյան

Լրագրող

Arca ազգային վճարային համակարգը այսօր անցկացրել է մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացրել է ընկերության գործունեության հիմնական արդյունքները, ազգային վճարային համակարգի զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, ինչպես նաև առաջիկա ծրագրերն ու ռազմավարական առաջնահերթությունները։

Մամուլի ասուլիսին մասնակցել են Arca-ի գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը, խորհրդի նախագահ Հովհաննես Խաչատրյանը, զարգացման տնօրեն Ռուբեն Սաղոյանը և խորհրդի անկախ անդամ Արա Աբրահամյանը։ Ասուլիսի ընթացքում ներկայացվել են 2025 և 2026 թվականների հիմնական ցուցանիշները, որոնց համաձայն՝ 2025 թվականին քարտային գործարքների ծավալը կազմել է 18.23 տրիլիոն դրամ, իսկ գործարքների քանակը՝ ավելի քան 1 միլիարդ։

Arca-ի գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը ամփոփիչ տվյալները ներկայացնելիս ընդգծել է, որ Arca-ն շարունակաբար ներդնում է նորարարական լուծումներ՝ նպաստելով Հայաստանի վճարային համակարգի զարգացմանը, ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացմանը և անվտանգ վճարային միջավայրի ձևավորմանը։

«Մեր ընկերության տեսլականն է լինել հուսալի և նորարար ազգային վճարային համակարգ, և սրանք պարզապես բառեր չեն։ Մենք, ձգտելով ցույց տալ լավագույն արդյունքները, սահմանել ենք շեմ, որ առաջիկա 5 տարիների ընթացքում մեր համակարգային հասանելիությունը պետք է լինի 99.982%։ Միևնույն ժամանակ նշենք, որ 2025 թվականին այդ ցուցանիշը կազմել է 99.780%, իսկ վերջին վեց ամսվա տվյալներով այն 99.991% է։ Սա լավագույն ցուցանիշն է (միջազգային չափանիշներով), որին ձգտում ենք հասնել ընկերության ռազմավարությամբ մինչև 2030 թվականը»,- Arca-ի մասին խոսելիս նշել է Վարդան Խաչատրյանը։

Arca-ի խորհրդի նախագահ Հովհաննես Խաչատրյանն էլ, անդրադառնալով ազգային վճարային համակարգի մրցունակությանը, ընդգծել է, որ Arca-ն Visa-ի և Mastercard-ի հետ միաժամանակ և՛ համագործակցում է, և՛ մրցակցում։

Նրա խոսքով՝ միջազգային վճարային համակարգերի՝ Visa-ի, Mastercard-ի, American Express-ի և մյուսների հետ Arca-ն գտնվում է միաժամանակ գործընկերային և մրցակցային հարաբերություններում։

«Visa-ի քարտերով Հայաստանի ներսում իրականացվող գործարքները մշակվում են ARCA-ի միջոցով, բայց միաժամանակ մենք թողարկում ենք նաև Arca քարտ, որը մրցակից է Visa-ին»,- ասել է նա։

Խաչատրյանի խոսքով՝ ընկերությունը ծառայությունների սակագներն ու պայմանները ձևավորելիս փորձում է պահպանել գործընկերության և մրցակցության միջև հավասարակշռությունը։

Նա նշել է, որ արդեն իրականացվել է համատեղ քարտերի թողարկում, իսկ նոր գործընկերների հետ բանակցությունները շարունակվում են։ Նրա խոսքով՝ տեխնիկական լուծումները պատրաստ են, իսկ նոր նախագծերի մեկնարկը կախված է կոմերցիոն համաձայնություններից։

Անդրադառնալով մրցակցությանը՝ Խաչատրյանը նշել է, որ Arca-ն մրցում է ծառայությունների որակով, սակագներով և հավելյալ հնարավորություններով։

Նրա խոսքով՝ Հայաստանի օրենսդրությունը որևէ առավելություն կամ սահմանափակում չի նախատեսում ազգային կամ միջազգային քարտերի համար, և շուկայում գործում են հավասար մրցակցային պայմաններ։

Միաժամանակ նա ընդգծել է, որ բազմաթիվ երկրներում, որոնք ունեն ազգային վճարային համակարգեր, քաղաքացիներն առավել հաճախ օգտվում են հենց ազգային քարտերից, իսկ Arca-ի առաջիկա նպատակներից է նաև ընդլայնել քարտի կիրառելիությունը Հայաստանի սահմաններից դուրս՝ ապահովելով վճարումների հնարավորությունը գործընկեր երկրներում։

Լրագրողների հարցերին ի պատասխան՝ Arca-ի զարգացման տնօրեն Ռուբեն Սաղոյանն էլ նշել է, որ մինչև 2027 թվականի առաջին եռամսյակը Arca քարտերը հնարավոր կլինի կցել Google Pay-ին, իսկ երկրորդ կիսամյակում՝ Apple Pay-ին՝ ընդգծելով, որ այս պահին ակտիվ աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ՝ հաշվի առնելով մեծ պահանջարկը։

Ասուլիսի ավարտին Arca-ի ղեկավարությունը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Arca-ն շարունակելու է զարգացնել առաջարկվող ծառայությունները և այսուհետ լինելու է ավելի բաց ու թափանցիկ հանրության և լրատվամիջոցների հետ հաղորդակցվելիս՝ որպես Հայաստանի ազգային վճարային համակարգ։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա