Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 ժամ առաջ - 11:30 07-07-2026

Ադրբեջանի դրոշը՝ միջպետական ճանապարհի դիմաց. Արայիկ Հարությունյանը հայտնվել է «սև ցուցակում». Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, փաստացի, ավարտին է հասցնում Ազգային ժողովի խմբակցության ղեկավար կազմի ձևավորման գործընթացը։ Անցած շաբաթ կուսակցության վարչությունն արդեն ընտրել է խմբակցության ղեկավարի թեկնածուին՝ այդ պաշտոնում առաջադրելով Արուսյակ Մանավազյանին։

Այժմ հերթը խմբակցության քարտուղարի ընտրությանն է։ Ակնհայտ է, որ գործող քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չի կարող շարունակել պաշտոնավարել նույն կարգավիճակում, ոչ էլ, առավել ևս, խմբակցության ղեկավարի պաշտոնում, հատկապես այն բանից հետո, երբ ՔՊ վարչությունը խմբակցության ղեկավարի պաշտոնում այլ թեկնածու ընտրեց։
Այսպիսով, ՔՊ-ում մեկնարկել է խմբակցության ղեկավար կազմի վերջնական ձևավորման փուլը։

Իսկ Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահների հարցը դեռ կքննարկեն առաջիկա օրերին»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները բացահայտել են, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը որոշել հրաժարվել իր երբեմնի ամենավստահելի թիմակիցներից մեկի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ծառայություններից։ Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը խիստ դժգոհ է մնացել թե՛ նախընտրական շտաբի աշխատանքից, թե՛ իրեն ներկայացված քաղաքական տեղեկատվության որակից, ինչի հետևանքով Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանից հետո, դառնում է երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան, որը հրաժեշտ կտա զբաղեցրած պաշտոնին։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արայիկ Հարությունյանը, որը մինչև հուլիսի 24-ը ներառյալ երկարատև արձակուրդում է, ներկայում գտնվում է ԱՄՆ-ում։ Նրա մերձավոր թիմակիցները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել են, որ նա, ամենայն հավանականությամբ, կգնա Ազգային ժողով, կվերցնի պատգամավորական մանդատը և կշարունակի իր գործունեությունը որպես պատգամավոր։

Սակայն ՔՊ վարչության մեր աղբյուրները բոլորովին այլ պատկեր են ներկայացնում։ Մասնավորապես, վարչապետը դժգոհ է եղել նախընտրական շտաբի աշխատանքի կազմակերպումից, ինչպես նաև քաղաքական և սոցիոլոգիական տեղեկատվության հավաքագրման ու վերլուծության որակից։

«Հրապարակ» թերթը գրում է. «Հեռացող նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրության օրվա առթիվ, մեկ աշխատավարձի չափով պարգեւատրել է պատգամավորներին ու աշխատակազմին, սակայն ՔՊ-ական պատգամավորները, պարզվում է, ավելի մեծ ախորժակ են ունեցել: Նրանք ակնկալել են, որ, որպես հեռացող խորհրդարանի պատգամավորներ, կլորիկ գումարներ կստանան մոտ օրերս, ինչպես անցած տարեվերջին ստացան, երբ յուրաքանչյուր պատգամավորի 3-ական միլիոն դրամ պարգեւավճար փոխանցվեց:

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական ապարատում շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն` առաջիկայում ռեպրեսիաների ալիքը ոչ թե մեղմանալու է, այլ նոր թափով սկսելու է գործել։

«Նոր, աղմկոտ քրեական գործեր են բացվելու, ընդդիմություն խաղաղացող «ուժեղները» խնդրելու են, որ չխայտառակվեն»,-ասաց աղբյուրը։


«Հրապարակ» թերթը գրում է. «Ուժեղ Հայաստանում» վստահ են, որ իրենց վնասել է Ռուսաստանի հետ ասոցացվելը․ հակառուսական տրամադրությունները տարածվել են նաեւ իրենց վրա եւ ազդել ընտրությունների արդյունքների վրա: Ապրիլի 1-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հայտնի հայտարարությունն էլ է իրենց մեծապես վնասել:
Պուտինն ասել էր. «Կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք ռուսամետ դիրքորոշում ունեն… Մենք շատ կցանկանայինք, որ այդ բոլոր քաղաքական կուսակցությունները, գործիչները կարողանային մասնակցել ներքաղաքական աշխատանքին` ընտրությունների ընթացքում»։

Ըստ հարցումների, մինչ Պուտինի այդ հայտարարությունը մեր հանրության ընդամենը 13 տոկոսն էր Ռուսաստանի հետ կապում Սամվել Կարապետյանին, իսկ հայտարարությունից հետո` մոտ 55 տոկոսը:

«Իրավունք» թերթը գրում է. «Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը եւս կվերցնի մանդատը.

«Էդքան ծեծ ուտենք, բանտերը փտենք, որ հիմա էլ մանդատից հրաժարվենք, չկա տենց բան»,-ըստ շրջանառվող լուրերրի ասում են Ղուկասյանները մտերիմ շրջապատում։

«Հրապարակ» թերթը գրում է. «2024 թվականին սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով Ադրբեջանին հանձնվեցին Կիրանց գյուղից շուրջ 15 հեկտար տարածք, Կիրանց-Բաղանիս հատվածում շուրջ 30 տարի ամրացված պաշտպանական դիրքեր, Բերքաբեր գյուղի մոտակա դիրքերը։

Սահմանազատումով Ոսկեպար-Բաղանիս հատվածում` Ադրբեջանին հանձնված նախկին պաշտպանական դիրքում ներկայում ադրբեջանական հենակետ է կառուցվել, եւ միջպետական ավտոճանապարհի դեմ-դիմաց վերջերս տեղադրվել է Ադրբեջանի մեծ դրոշը։ Այն հոգեբանական ծանր ազդեցություն է թողնում Հայաստան-Վրաստան ճանապարհի այդ հատվածով երթեւեկողների վրա։