Ֆրանսիայի Էլզաս շրջանի Վենժեն-սյուր-Մոդեր համայնքում գտնվող հանրահայտ Լալիկ թանգարանը ենթարկվել է կայծակնային և խոշոր կողոպուտի, ինչի հետևանքով հանցագործներին հաջողվել է հափշտակել աշխարհահռչակ ոսկերիչ ու ապակեգործ Ռենե Լալիկի և նրա ընտանիքի հեղինակած եզակի աշխատանքները:
Այս մասին հաղորդում է Le Parisien՝ հավելելով, որ թանգարանից գողացվել է մոտ քսանից երեսուն բացառիկ բյուրեղապակյա զարդ, և չնայած վնասի վերջնական չափը դեռ ճշտվում է, նախնական հաշվարկներով այն կազմում է ավելի քան 4-ից 4.8 միլիոն դոլար: Թանգարանի ղեկավարությունն ու իրավապահները խիստ գաղտնի են պահում բացակայող կոնկրետ նմուշների ցանկը, սակայն նշվում է, որ գողացված զարդերը պատրաստված են բարձրարժեք գեղարվեստական բյուրեղապակուց և չեն պարունակում թանկարժեք քարեր, ինչը նշանակում է, որ դրանք հնարավոր չէ հալեցնել, և հանցագործները հավանաբար գործել են հատուկ պատվերով:
Այս աղմկահարույց թալանը բացահայտել է ֆրանսիական թանգարանների անվտանգության համակարգի լուրջ բացթողումները. մի քանի դիմակավորված ու գլխարկավոր տղամարդիկ վաղ առավոտյան կոտրել են արտակարգ իրավիճակների ելքի դուռը, ներխուժել կենտրոնական սրահ և վայրկյանների ընթացքում ջարդել զարդերով լի վեց ցուցափեղկ:
Թեև թանգարանի ազդանշանային համակարգը ճիշտ է գործել, սակայն մասնավոր անվտանգության ընկերությունը ձախողել է արագ արձագանքումը և ժամանակին չի տեղեկացրել ժանդարմերիային, ինչի պատճառով ոստիկանությունն ահազանգը ստացել է միայն այն ժամանակ, երբ աշխատանքի ժամանած մաքրուհին տեսել է ավերածություններն ու զանգահարել իրավապահներին: Այս միջադեպը Ֆրանսիայում մեծ սկանդալ է առաջացրել նաև այն պատճառով, որ Լալիկ թանգարանը համարվում էր «հատուկ հսկողության տակ գտնվող զգայուն օբյեկտ»՝ նախորդ տարվա հոկտեմբերին Փարիզի Լուվր թանգարանից ավելի քան 95 միլիոն դոլարի թագավորական զարդերի աղմկահարույց գողությունից հետո, սակայն ներդրված պաշտպանական միջոցները դարձյալ անարդյունավետ են գտնվել, և այժմ թանգարանը փակվել է՝ տեսախցիկների ձայնագրություններն ուսումնասիրելու և անվտանգության համակարգն ամբողջությամբ արդիականացնելու նպատակով:
Թամարա Քալանթարյան