«Շառլ դը Գոլ» ավիակիր նավը վերադառնում է իր մշտական տեղակայման նավահանգիստ՝ Տուլոն, մինչդեռ ֆրանսիական ռազմածովային ուժերի մի մասը կմնա տեղակայված Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Այդ մասին X սոցիալական ցանցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ մեկնաբանելով ֆրանսիական ներկայության օպերատիվ կազմաձևում կատարված փոփոխությունները։
Ըստ Մակրոնի, Ֆրանսիան ավելի վաղ տարածաշրջան էր ուղարկել ականազերծման ուժեր, այդ թվում՝ երկու ականորսիչ, ինչպես նաև երկու ֆրեգատ և ծովային պարեկային ինքնաթիռ։ Այս միջոցները, ինչպես նշել է Ֆրանսիայի նախագահը, պատրաստ էին գործընկերների հետ համատեղ գործելու՝ նավագնացության անվտանգությունն ապահովելու և Հորմուզի նեղուցի շրջանում լիարժեք նավարկությունը վերականգնելու համար։
Մակրոնը տեղակայման ճշգրտումը կապել է իրավիճակի փոփոխության և դիվանագիտական գործընթացների զարգացման հետ։ Մասնավորապես, նա նշել է հունիսի 17-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որն, ըստ նրա, կարևոր քայլ է դարձել տարածաշրջանային կայունության ուղղությամբ և հաստատել է Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության ապահովման անհրաժեշտությունը։
Ֆրանսիայի նախագահը նաև ընդգծել է, որ ուժերի մասնակի դուրսբերման որոշումը կայացվել է Օմանի սուլթանի հետ խորհրդակցություններից հետո և ընթացիկ օպերատիվ կարիքները հաշվի առնելով։
Չնայած ավիակիր հարվածային խմբի վերադարձին՝ ականազերծման ուժերն ու դրանց ուղեկցող միջոցները մնում են տարածաշրջանում և պահպանում են դաշնակիցների հետ համատեղ գործողությունների պատրաստակամությունը։
Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան կշարունակի ուշադիր հետևել իրավիճակի զարգացմանը և անհրաժեշտության դեպքում կճշգրտի իր ռազմական ներկայությունը՝ կախված տարածաշրջանում անվտանգության պայմանների փոփոխությունից։