Մեծ ու խորհրդանշական ուրախություն, որը ևս մեկ անգամ ապացուցում է հայ ժողովրդի անկոտրում ապրելու և վերածնվելու կամքը։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ընթացքում՝ Մարտակերտի շրջանի Կաշենի հանքավայրի պաշտպանության համար մղված թեժ ու անհավասար մարտերում հերոսաբար զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում լույս աշխարհ են եկել երկվորյակ տղաներ։
Այս լուրը հայտնել է «Արցախլուր» ֆեյսբուքյան էջը՝ հրապարակելով նորածինների առաջին լուսանկարը։ Ընտանիքում նորածին փոքրիկներին անվանակոչել են չափազանց խորհրդանշական անուններով՝ Գոռ և Հայկ։
Փոքրիկներից մեկը կրելու է իրենց ընտանիքի հերոսի՝ Գոռի անունը՝ վառ պահելով նրա անմահ հիշատակը, իսկ մյուսը՝ հայոց նախահայր Հայկ Նահապետի անունը՝ խորհրդանշելով հայկական գենի հավերժությունն ու պայքարող տեսակը։
Թամարա Քալանթարյան