Ներքին 1 ժամ առաջ - 18:00 01-07-2026

ԱԱԾ նախկին պետի որդու ընկերության 672 մլն-անոց գույքն ու կուտակված պարտքերը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանի բիզնես միջավայրում հանրային ուշադրության կենտրոնում են հայտնվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքների հետ փոխկապակցված ընկերությունների ֆինանսական խնդիրներն ու դատական գործընթացները։ Պաշտոնական պետական ռեգիստրների և դատական ակտերի համադրությունը թույլ է տալիս պատկերացում ունենալ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի որդու՝ Արտյոմ Վանեցյանի հետ կապված ընկերությունների ստեղծման, խոշոր վարկավորման և դրան հաջորդած սնանկության գործընթացների ժամանակագրությունը։

Ըստ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ 2022 թվականի հունիսի 8-ին գրանցվել է «ԲՈՒՐՈՒՆԴՈՒԿ» ՍՊԸ-ն։ Հիմնադրումից ընդամենը 20 օր անց՝ 2022 թվականի օգոստոսի 26-ին, ընկերության 100% բաժնեմասերի ուղղակի և անուղղակի սեփականատեր (իրական շահառու) է դարձել Արտյոմ Արթուրի Վանեցյանը։



Բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ 2001 թ. ծնված Արտյոմ Վանեցյանը հանդիսանում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի որդին և գրանցված է հոր հետ նույն հասցեում (ք. Երևան, Բաղրամյան փողոց)։ Ընկերության 100% շահառու դառնալու պահին նա եղել է 20 տարեկան։



«ԲՈՒՐՈՒՆԴՈՒԿ» ՍՊԸ-ի շահառուների փոփոխությանը զուգահեռ, դրա հետ փոխկապակցված և նույն բիզնես շղթայում գտնվող «Գրանդ Մուլինո» ՍՊԸ-ն մտնում է խոշոր ֆինանսական գործարքների մեջ։

Այսպես․ 2022 թվականի օգոստոսի 4-ին «Գրանդ Մուլինո» ՍՊԸ-ն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի (ներկայիս՝ «Ամիօբանկ») հետ կնքում է վարկային համաձայնագիր՝ ստանալով 3 000 000 ԱՄՆ դոլար վարկ՝ մինչև 2032 թվականը մարման ժամկետով, իսկ 2022 թվականի օգոստոսի 18-ին նույն ընկերությունը բանկից ստանում է ևս 70 000 000 ՀՀ դրամի վարկային միջոցներ և կնքում օվերդրաֆտի (հաշվի գերածախսի) պայմանագիր։



Դատական փաստաթղթերի վերլուծությունը բացահայտում է մի ուշագրավ հանգամանք. վարկային միջոցների ստացումից շատ կարճ ժամանակ անց ընկերությունում սկսվում է ֆինանսական ճեղքվածք, և այն դադարում է կատարել վճարումները։ Օվերդրաֆտի գծով վճարումների ուշացումները սկսվել են 2022 թ. օգոստոսի 24-ից (օվերդրաֆտի պայմանագրից ընդամենը 6 օր անց), իսկ 3 միլիոն դոլարի մեծ վարկի ժամկետների խախտումը՝ 2022 թ. սեպտեմբերի 22-ից (ստանալուց 1.5 ամիս անց)։ Պարտապան ընկերությունը դատական կարգով չի վիճարկել բանկի ներկայացրած պարտավորությունները, ինչը վկայում է ֆինանսական խնդիրների փաստացի ընդունման մասին։



Սնանկության գործընթացի շրջանակներում դատարանի կողմից հաստատված պարտատերերի պաշտոնական ցուցակը ցույց է տալիս, որ «Գրանդ Մուլինո» ՍՊԸ-ի ֆինանսական խնդիրները չեն սահմանափակվել միայն բանկային վարկերով։ Ընկերությունը խոշոր պարտքեր է կուտակել ինչպես պետության, այնպես էլ բիզնես գործընկերների հանդեպ.
«Ամիօբանկ» ՓԲԸ (նախկին Հայբիզնեսբանկ)՝ ավելի քան 3.22 միլիոն ԱՄՆ դոլար և շուրջ 85.5 միլիոն դրամ (ներառյալ չփակված օվերդրաֆտը, տոկոսներն ու տույժերը)։
ՀՀ Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)՝ երկու առանձին պահանջներով՝ 8.8 միլիոն դրամ և 9.9 միլիոն դրամ չվճարված հարկային պարտավորություններ։

Մասնավոր բիզնես գործընկերներ՝ «ԱԳԱ ԼՈԳԻՍՏԻԿ» ՍՊԸ (147.2 միլիոն դրամ), «ՖԱՐԻՆԻ» ՍՊԸ (90.3 միլիոն դրամ) և «Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան»» ՓԲԸ (9.8 միլիոն դրամ)։



Քանի որ վարկառու հանդիսացող «Գրանդ Մուլինո» ՍՊԸ-ն չի ունեցել բավարար միջոցներ միլիոնավոր դոլարների պարտքերը փակելու համար, գործընթացը տեղափոխվել է գրավադրված գույքերի դաշտ։ Գործարքի 3-րդ կողմ հանդիսացող՝ Արտյոմ Վանեցյանի «ԲՈՒՐՈՒՆԴՈՒԿ» ՍՊԸ-ին պատկանող խոշոր անշարժ գույքը բանկի պահանջով հանվել է սնանկության աճուրդի։

Գույքը հանդիսանում է արտադրական մեծ համալիր՝ տեղակայված ք. Երևան, Էրեբունի, Արին-Բերդի փողոցի 5-րդ նրբանցքի 10/1 հասցեում, որը ներառում է՝ 6677.8 քմ մակերեսով արդյունաբերական նշանակության հողամաս, և 5129.5 քմ ընդհանուր մակերեսով արտադրական շինություններ ու արտադրամասեր։



Այս հսկայական ակտիվի վաճառքի մեկնարկային գինը սահմանվել էր 672 100 000 դրամ։ Այս գույքի օտարումը հստակ ցույց է տալիս, որ ընկերության ձախողված ֆինանսական քաղաքականության արդյունքում Վանեցյանների ընտանիքի տնօրինած բիզնեսը կորցրել է իր հիմնական արտադրական հզորությունները։

Թեև 2024 թվականին ընթանում էր գույքի բռնագանձման գործընթացը, խնդիրները դրանով չեն ավարտվել։ 2025 թվականի նոյեմբերի 25-ին Սնանկության դատարանում արդեն ՀՀ ՊԵԿ-ի դիմումի համաձայն հարուցվել է նոր վարույթ, և վիճակահանությամբ ընկերության ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Արամայիս Իսպիրյանը։ Սա նշանակում է, որ ընկերությունը հարկային մարմինների կողմից պաշտոնապես դիտարկվում է որպես չվճարունակ սուբյեկտ։




Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
23:26 2.5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով
21:00 ՍԴ-ի որոշումն արդեն հայտնի՞ է․ ՔՊ-ն մատնում է իրեն
20:14 Մենք կարևորություն չենք տալիս մեզ ուղղված զրպարտությանը. մեր պատմությունը չի պարունակում ցեղասպանություն. Էրդողան
23:56 Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա. Վենս
22:39 Բաքվի ներկայիս բռնապետը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական սալի արանքում. իրանագետ
23:04 Արմավիրում ավտոտնակում կայանված «Chevrolet»-ում կրակ է բռնկվել. այն վերածվել է մոխրակույտի
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
23:19 Եթե ԱՄՆ-ն խախտի պայմանավորվածությունները, Իրանը պատրաստ է պատերազմի. Ղալիբաֆ
21:19 Զինված հարձակում Գերմանիայում. կասկածյալը ծագումով թուրք է