Ներքին 3 ամիս առաջ - 17:33 26-06-2026

Սև շուկայի դեմ պայքա՞ր, թե՞ ազատության սահմանափակում. կառավարությունը նույնականացնելու է բոլոր հեռախոսները

Մերի Հակոբյան

Լրագրող

Կառավարության կողմից հավանության արժանացած՝ բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարանի ստեղծման նախաձեռնությունը մտահոգություններ է առաջացրել տեղեկատվական անվտանգության մասնագետների շրջանում։ Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի գնահատմամբ՝ նախաձեռնությունը, որն իշխանությունները ներկայացնում են որպես ստվերային շրջանառության և հեռախոսների գողությունների դեմ պայքարի միջոց, իրականում կարող է ստեղծել քաղաքացիների նկատմամբ լրացուցիչ վերահսկողության գործիքներ։

Oragir.News-ի հետ զրույցում Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ նոր համակարգի միջոցով պետությունը հնարավորություն կունենա պարզելու, թե կոնկրետ սարքը ում է պատկանում։

«Իմաստն այն է, որ պետությունը կարող է իմանալ, թե կոնկրետ սարքը ում է պատկանում։ Օրինակ՝ ես հիմա կարող եմ այս հեռախոսի մեջ դնել մեկ այլ SIM քարտ՝ գրանցված ուրիշ մարդու անունով, բայց քանի որ սարքն իմ անունով է գրանցված, պետությունը կկարողանա հասկանալ, որ այդ հեռախոսի հետ ես կապ ունեմ»,- ասաց նա։

Փորձագետի խոսքով՝ այսօր բջջային օպերատորներն արդեն իսկ կարողանում են տեսնել, թե որ բաժանորդն ում հետ է խոսում և որտեղ է գտնվում տվյալ պահին, իսկ IMEI կոդերի բազայի ներդրումը հնարավորություն կտա այդ տվյալները կապել նաև կոնկրետ սարքի հետ։

«Հիմա, օրինակ, ես ձեր հետ հեռախոսով խոսում եմ, և իրենք տեսնում են, որ ես ձեզ հետ խոսում եմ, տեսնում են նաև, թե ես որտեղ եմ գտնվում։ Բայց եթե սարքն էլ կապվում է կոնկրետ անձի հետ, արդեն լրացուցիչ հնարավորություններ են ստեղծվում մարդկանց տվյալները վերահսկելու համար»,- նշեց Մարտիրոսյանը։

Նրա կարծիքով՝ իշխանությունների ներկայացրած հիմնավորումը՝ հեռախոսների գողությունների դեմ պայքարը, ամբողջությամբ համոզիչ չէ։

«Իրենք ասում են, որ սա անվտանգության համար է, բայց անվտանգության հարցն այսպիսով չի լուծում։ Գողերը սովորաբար հեռախոսները գողանում ու երկրից դուրս են հանում, այնպես որ՝ դրանով գողությունների խնդիրը, երևի, ամբողջությամբ չես լուծի»,- ասաց նա։

Մարտիրոսյանը չբացառեց, որ նախաձեռնության իրական նպատակը կարող է լինել հեռախոսների ներմուծման և վաճառքի շուկայի վերահսկումը։

«Իրենց համար, հավանաբար, կարևոր է հեռախոսների սև շուկան վերահսկելը, որ մարդիկ, օրինակ, արտերկրից մի քանի հեռախոս չբերեն ու այստեղ չվաճառեն։ Բայց այդ փոքր խնդրի լուծման դիմաց տեղի է ունենում անհամաչափ տվյալների հավաքագրում»,- ընդգծեց նա։

Փորձագետը մտահոգիչ համարեց նաև այն հանգամանքը, որ հավաքագրվող տվյալները կարող են տրամադրվել երրորդ կողմերին։

«Այդ ամենը տրամադրվում է ինչ-որ երրորդ կողմի ընկերության, և այդ ընկերությունը կարող է տվյալները նաև կոմերցիոն նպատակներով օգտագործել։ Այսպիսով՝ փոքր խնդրի լուծման փորձը վերածվում է շատ մեծ պատմության»,- ասաց Մարտիրոսյանը։

Նա նաև ընդգծեց, որ Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության մշակույթը դեռևս բավարար մակարդակի վրա չէ, ինչի հետևանքով նման օրենսդրական նախաձեռնությունները հաճախ լայն հանրային քննարկման առարկա չեն դառնում։

«Մեծ հաշվով, մեր հասարակությունը դեռևս զգայուն չէ անձնական տվյալների պաշտպանության հարցերում, և նման օրինագծերը հաճախ բավական հանգիստ են անցնում»,- եզրափակեց մեդիա փորձագետը։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո