«Հրապարակ» թերթը գրում է․ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը, որով առաջարկվում էր Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատիժը փոխարինել ազատազրկմամբ։
Թերթի տեղեկություններով՝ այս որոշումը վկայում է, որ իշխանությունները գոհ են Առուշանյանի գործունեությունից։ Աղբյուրների փոխանցմամբ՝ նա պատրաստվում է մասնակցել աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին և կրկին առաջադրվել Գորիսի համայնքապետի պաշտոնում։ Միաժամանակ, ՔՊ-ում քննարկումներ կան այն մասին, թե ում դերակատարությունն է մեծ եղել Գորիսում կուսակցության ստացած արդյունքներում։
«Հրապարակ» թերթը գրում է․ 2025 թվականի դեկտեմբերի 28-ին Կաթողիկոսի հասցեին բռնության կոչ հնչեցնելու փաստով հարուցված քրեական վարույթով մինչ օրս մեղադրյալ չկա։ Խոսքը Գառնու համայնքապետարանի աշխատակից Էդվարդ Ստեփանյանի մասին է, որը ուղիղ եթերում հայտարարել էր, թե Կաթողիկոսին պետք է «քարով խփեն գլխին»։
Քննչական կոմիտեից թերթին հայտնել են, որ քննիչը դիմել է դատախազին՝ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ, սակայն այն մերժվել է, և գործով առայժմ մեղադրյալ չի ներգրավվել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը նամակ է գրել Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Անտոն Ալիխանովին, խնդրել իրեն հնարավորություն տալ՝ մասնակցելու հուլիսի 6-7-ը Եկատերինբուրգում կայանալիք առեւտրատնտեսական ֆորումին։
Պապոյանը, ըստ նախարարության աղբյուրների, մեկնում է, որ ռուսական կողմի հետ քննարկի Հայաստանից արտահանման խնդիրները, ռուսական սանկցիաների հարցը։ Սակայն մինչ այս պահը նամակին պատասխան չի եկել․ Ռուսաստանում մտածում են՝ մերժե՞լ Պապոյանի մասնակցության հայտը, թե՞ ընդունել՝ նախարարին փորձելով նվաստացնել ֆորումի ընթացքում։
«Հրապարակ» թերթը գրում է․ իշխանությունը նախատեսում է նոր խոշորացումներ իրականացնել՝ միավորելով արդեն խոշորացված համայնքները։ Նախագծով առաջարկվում է Արարատ և Վեդի համայնքների, ինչպես նաև Վանաձոր և Փամբակ համայնքների միավորում։
Թերթի գնահատմամբ՝ այս գործընթացը նախընտրական նպատակներ ունի։ Ըստ հրապարակման՝ խոշորացումներից հետո անցկացվելիք ընտրություններով իշխանությունը փորձում է ամրապնդել իր դիրքերը և չեզոքացնել անցանկալի համայնքապետերին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ իրավապահ համակարգում քննարկվում են դատական համակարգում սպասվող նոր զարգացումները։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ կաշառքի գործով ձերբակալվի հերթական դատավորը, ընդ որում՝ խոսակցությունները վերաբերում են Հակակոռուպցիոն դատարանի դատավորներից մեկին։
Հրապարակման համաձայն՝ իրավապահները ուսումնասիրում են մի շարք քրեական գործեր և դրանց շրջանակում կայացված դատական ակտեր։ Աղբյուրները նշում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո դատավորների գործունեության վերաբերյալ ստուգողական և քննչական գործողություններն ակտիվացել են, և հնարավոր են նոր կալանավորումներ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը արձագանքել է ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հայտարարությանը, ըստ որի՝ երեք տարի առաջ փորձ է արվել կազմակերպել Նիկոլ Փաշինյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպումը։
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը նշել է, որ Վեհափառ Հայրապետը երբեք կառուցողական հանդիպման դեմ չի եղել, իսկ Մելքոնյանի ներկայացրած մյուս պնդումները չի համապատասխանում իրականությանը՝ դրանք որակելով որպես աղավաղված տեղեկատվություն և կեղծ թեզեր։