Ռուսաստանի կողմից հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումներից հետո Հայաստանի իշխանությունները հայտարարում են արտահանման շուկաների դիվերսիֆիկացման և եվրոպական ուղղության ակտիվացման մասին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքը, այդ թվում՝ ծիրանը, կարտահանվեն եվրոպական շուկա՝ արտոնյալ պայմաններով, իսկ կառավարությունը սկսել է արտահանողներին աջակցող մի շարք ծրագրեր իրականացնել։ Իշխանությունները վստահեցնում են, որ նոր շուկաների բացումը հնարավորություն կտա հայկական արտահանողներին նվազեցնել կախվածությունը ռուսական շուկայից և խուսափել հնարավոր կորուստներից։
Այս ֆոնին
Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ արդյոք նրանք հավատո՞ւմ են, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը կհաջողվի ամբողջ հայկական ծիրանն արտահանել Եվրոպա։
«Չէ, չի ստացվի, ինչպես բոլոր ծրագրերը։ Ինքը ոչ մի բան այնպես չի արել, ինչպես խոստացել էր»,- ասաց հարցման մասնակից քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի, հակառակը, համոզված էր, որ ծրագրի իրականացումը հնարավոր է.
«Հա, կհաջողվի, իմ կարծիքով։ Ծիրանի արտահանումն ամենապարզ հարցերից մեկն է»։
Մեկ այլ հարցվող էլ նշեց.
«Ծիրանն արդեն արտահանվում է, և կարծում եմ՝ կհաջողվի արտահանել նաև Եվրոպա»։
Որոշ քաղաքացիներ, սակայն, ասացին, որ բավարար տեղեկացված չեն.
«Ասում են՝ արտահանում են, հեռուստացույցով էլ ենք լսում, բայց իրականում ինչքան են արտահանում, ինչքան՝ ոչ, չեմ կարող ասել»։
«Ճիշտն ասած, կառավարության գործունեությամբ այդքան չեմ հետաքրքրվում, բայց լավ կլինի, որ ամեն ինչ մեր երկրի օգտին լինի»,- նշեց մեկ այլ հարցվող։
Ոմանք լիակատար վստահություն հայտնեցին, որ ծիրանի արտահանումը Եվրոպա կհաջողվի.
«Այո, իհարկե, հաստատ կհաջողվի»։
Մյուսները խուսափեցին հստակ գնահատական տալ.
«Ես չգիտեմ՝ ինչ կլինի, քաղաքականությունից ոչինչ չեմ հասկանում»։
«Բացարձակ գաղափար չունեմ այդ թեմայից։ Այսօր մի օրենք են փոխում, վաղը՝ մեկ այլ որոշում կայացնում, դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվում»,- ասաց մեկ այլ քաղաքացի։
Միևնույն ժամանակ, հարցվածներից ոմանք ընդգծեցին, որ երկրի առջև ծառացած այլ խնդիրներ իրենց համար ավելի առաջնային են.
«Լավ կլինի, որ մեր ազգի համար լավ լինի։ Ինձ համար ազգի կայունությունն ավելի կարևոր է, քան ծիրանի արտահանման հարցը։ Առանց ծիրանի էլ կարելի է ապրել, բայց ազգը պետք է զորանա»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մերի Հակոբյան