Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 10 ժամ առաջ - 10:00 23-06-2026

Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագա՞հ, Էդգար Ղազարյանը՝ ԱԺ փոխխոսնա՞կ․ Ավինյանի բախտը բերեց․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի հունիսի դրությամբ ստացել է առնվազն հինգ պաշտոնական նվեր։

Ամենաթանկ նվերը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից հանձնված Ֆրանսիայի Հանրապետության Պատվո լեգեոնի Մեծ խաչ շքանշանն է՝ 1 մլն 265 հազար դրամ արժեքով։ Մակրոնը վարչապետին նվիրել է նաև 1818 թվականին Վենետիկում հրատարակված Մինաս Բժշկյանի «Ճեմարան գիտելեաց» հնատիպ գիրքը՝ 308 հազար դրամ արժեքով։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանին նվիրել է «RECIFE» ապրանքանիշի կաշվե պայուսակ՝ 161 հազար դրամ արժեքով։

Նվերների թվում են նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի պատվիրակության կողմից փոխանցված «Salvatore Ferragamo» կարմիր փողկապը՝ շուրջ 276 հազար դրամ արժեքով, և Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի նվիրած «an&angel» ապրանքանիշի ապակյա ամանը՝ 70 հազար դրամ արժեքով։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Չնայած հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները բողոքարկվել են Սահմանադրական դատարանում, ընդդիմադիր շրջանակներում քննարկվում է, որ ընտրված ուժերը կարող են վերցնել մանդատներն ու մասնակցել խորհրդարանի աշխատանքներին։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ոչ պաշտոնական քննարկումներում որպես Ազգային ժողովի փոխխոսնակի հավանական թեկնածու շրջանառվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Էդգար Ղազարյանի անունը։

Էդգար Ղազարյանը, սակայն, թերթի հետ զրույցում նշել է, որ այս պահին նման քննարկում չկա, քանի որ դեռ շարունակվում է ընտրությունների արդյունքների բողոքարկման գործընթացը, և պարզ չէ՝ ընդդիմադիր ուժերը կվերցնե՞ն մանդատները, թե՞ ոչ։

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում սահմանադրական մեծամասնություն, անգամ 50 տոկոս չստացած ՔՊ-ականները որոշել են փոխել պատգամավորական երդման տեքստը՝ այն հարմարեցնելով Փաշինյանի հորինած «իրական Հայաստանի» գաղափարին։

Տեքստից դուրս են թողնվելու համազգային նպատակներին շեշտադրումները, այն նեղացնելու են հայաստանյան տարածքով։

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին ոչ միայն զրկեց խորհրդարան մտնելու հնարավորությունից՝ ԿԸՀ-ի միջոցով գողանալով ԲՀԿ-ի ձայները, այլեւ մտադիր է Ծառուկյանին սնանկացնել։ Մեկ շաբաթից ավելի է՝ ՊԵԿ-ը համատարած ստուգումներ է իրականացնում Ծառուկյանի եւ նրա ընտանիքի հետ կապվող բոլոր օբյեկտներում։

Մի կողմից՝ հավանաբար փորձում են Ծառուկյանին քաղաքականապես չեզոքացնել, թույլ չտալ, որ հետընտրական ակտիվություն դրսեւորի, մյուս կողմից՝ Փաշինյանն իր սիրած գործով է զբաղվում՝ փորձում է խլել իր դեմ դուրս եկած անձի ունեցվածքը։

«Հրապարակ» թերթը գրում է. Մենք տեղեկացանք, որ վերջերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` որպես «պարաֆինի հարկ», մեծ գումարներ է վճարել պետությանը: Մեր աղբյուրի պնդմամբ, խոսքը մի քանի 100 հազար դոլարի մասին է:

Ըստ ամենայնի, Ամենայն հայոց կաթողիկոսը որոշել է կամովին կատարել Փաշինյանի պահանջը` հույսով, որ գուցե նրա վերաբերմունքը մեղմվի:

«Հրապարակ» թերթը գրում է․ ՔՊ-ում համոզված էին, որ խորհրդարանական ընտրություններից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կփոխարինվի։ Իշխանությունը սահմանադրական մեծամասնություն ստանալու դեպքում նախատեսում էր մի շարք համայնքներում, այդ թվում՝ Երևանում, նոր ընտրություններ անցկացնել։

Սակայն հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներից հետո իրավիճակը փոխվել է։ Իշխանությունը, չունենալով սպասված քաղաքական դիրքերը, խուսափում է ներքին լարվածություն առաջացնող և ռիսկային կադրային փոփոխություններից։

«Իրավունք» թերթը գրում է. «Հուլիսի սկզբին սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ, որոնց կիզակետում լինելու են ոչ միայն ընդդիմադիր լիդերներ, այլ նրանց հետ փոխկապակցված անձինք։

ՔՊ-ականները մասնավոր զրույցներում վստահեցնում են, որ ամառային հանգիստը թեժ է լինելու քրեաօլիգարխիայի համար։Իսկ, թե ինչու հուլիսի սկզբին, աղբյուրը ասաց.«Դե մինչեւ էդ ՍԴ որոշումը կլինի, ու այդ ժամանակ նոր դրանք թող ջանները յուղեն»:

«Իրավունք» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շուտով կփոխարինի հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Այս որոշումը արդեն իսկ ունի ՔՊ վարչությունը. «ՔՊ. Վարչությունը առաջադրելու է Սիմոնյանի թեկնածությունը, իսկ Վահագն Խաչատուրյանը կնշանակվի վարչապետի գլխավոր խորհրդական», -ասաց ՔՊ աղբյուրը։