Ներքին 1 ամիս առաջ - 09:00 12-06-2026

Սյունյաց աբսուրդ․ 156 մլն-ոց «գոլդ» համարը և առանց A4 թղթի մնացած Գորիսի համալսարանը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Օրեր առաջ պաշտոնյաներն ակտիվ լծված էին ՔՊ-ի քարոզարշավն ապահովելու, տոկոսներ ապահովելու խնդրին և աչքաթող էին արել կարևոր հարցեր։ Սյունիքի մարզի գլխավոր կրթօջախը՝ Գորիսի պետական համալսարանը, հայտնվել է կառավարչական իսկական ճգնաժամի մեջ. այստեղ գրելու թուղթ անգամ չկա։

Պաշտոնական փաստաթուղթը փաստում է բացասական արդյունքը։ ԳՊՀ-ն հայտարարել էր «ԳՊՀ ԳՀԱՊՁ 02/2026» ծածկագրով գնման ընթացակարգ։ Նպատակը A4 ֆորմատի թղթի ձեռքբերումն էր։ Մրցույթը հայտարարվել է չկայացած։ Ոչ մի տնտեսվարող հայտ չի ներկայացրել։ Սա ակնհայտ համակարգային խնդիր է։



Երբ մասնավոր բիզնեսը հրաժարվում է պետական հիմնարկին նույնիսկ թուղթ վաճառել, դա արդեն լուրջ ահազանգ է։ Սա նշանակում է, որ պետությունը կա՛մ չափազանց ցածր գին է առաջարկել, կա՛մ էլ թղթաբանությունն ու քաշքշուկն այնքան շատ են, որ խանութպաններն ու մատակարարները պարզապես չեն ուզում գլուխ դնել պետական մրցույթների հետ։ Բայց սա հարցի միայն տեխնիկական կողմն է։

Ամենաուշագրավն այս պատմության մեջ կառավարման օղակների անտարբերությունն է։ ԳՊՀ կանոնադրությամբ՝ ռեկտորը չի կարող լինել խորհրդի անդամ և մասնակցում է միայն խորհրդակցական ձայնի իրավունքով։ Իսկ կառույցի թիվ մեկ պատասխանատուն ԳՊՀ խորհրդի նախագահն է՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։



Երբ մարզի թիվ մեկ պաշտոնյան, ով կոչված է կրթական հաստատության ռազմավարական հարցերը լուծելուն, զբաղված է քաղաքական օրակարգերով ու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիրքերն ամրապնդելով, ԲՈՒՀ-ը մնում է առանց աշխատանքային տարրական միջոցների։ Եթե խորհրդի նախագահը չի կարողանում նպաստել կամ լուծել հասարակ A4 թղթի դեֆիցիտի հարցը, դա նշանակում է, որ համակարգն աշխատում է բացառապես սեփական վերարտադրության, այլ ոչ թե հանրային շահի համար, և այստեղ խոսք անգամ չի կարող լինել ռազմավարական զարգացման կամ կրթության որակի մասին։

ՔՊ-ի քարոզարշավին էր իր լուման էր ներդրել նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ Նա 2021-ի ընտրություններին հանդես էր գալիս որպես գործող իշխանության ամենակոշտ ընդդիմադիրներից մեկը։ Սակայն հետագայում նրա հարաբերությունները իշխող ՔՊ-ի հետ ակնհայտորեն ջերմացան, ինչը մամուլում որակվեց որպես քաղաքական քծնանք և սեփական դիրքերը պահպանելու փորձ։ Հետագայում Առուշանյանը ավտոմեքենայի «գոլդ» համարանիշների համար վճարեց աստղաբաշխական 156 միլիոն դրամ։ Ինչպես մարզպես Ղուկասյանին, այնպես էլ քաղաքապետ Առուշանյանին, հավանաբար, չեն անհանգստացնում, որ Գորիսի պետական համալսարանը գրելու թուղթ չունի։

Այս փաստը պետական կառավարման համակարգի փլուզման փոքրիկ, բայց խորհրդանշական պատկերն է։ Երբ քաղաքական շահը գերակայում է պրոֆեսիոնալիզմին, արդյունքում ստանում ենք «թանկարժեք համարներով» սլացող պաշտոնյաներ և առանց թղթի մնացած պետական համալսարան։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին
13:55 Ժամանակը չի խլում մարդկանց․ քույրիկի մահից հետո Նորայր Նիկոյանի նոր հրապարակումը