Ներքին 1 ամիս առաջ - 16:55 10-06-2026

Չենք համարում, որ այս ընտրությունները եղել են ազատ, արդար և թափանցիկ. երկկողմանի խախտումներ են եղել. Արամ Քոչարյան

Մերի Հակոբյան

Լրագրող

Oragir.News-ի հետ զրույցում «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Արամ Քոչարյանն անդրադարձել է Արթուր Օսիպյանի կալանավորմանը՝ նշելով, որ չի ցանկանում կանխատեսումներ անել նրա հնարավոր ազատ արձակման վերաբերյալ։

«Ապագայի մասին գուշակություններ անել չեմ ցանկանում, բայց կուզենայի ևս մեկ անգամ հիշեցնել, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Փաստացի, Արթուր Օսիպյանը փողոցում Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի ընթացքում բարձրացրել է հարցեր, որոնց վարչապետը չի կարողացել պատասխանել։ Դրանից հետո Փաշինյանը կոշտ և վիրավորական արտահայտություններ է հնչեցրել նրա հասցեին, իսկ հետագայում Օսիպյանը կալանավորվել է»,– ասել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Օսիպյանը մասնակցել է Արցախյան երկրորդ պատերազմին և եղել է մարտի դաշտում մինչև Շուշիի մատույցներ։

Անդրադառնալով «Բոլորին դեմ եմ» կուսակցության կողմից Օսիպյանի հարցը նախընտրական բանավեճերում բարձրացնելուն՝ Քոչարյանը նշել է, որ դժվար է գնահատել, թե դրանից հետո ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն իրենք այդ թեման բարձրացրել են ոչ թե քաղաքական, այլ բարոյական նկատառումներից ելնելով։

Խոսելով ընտրությունների մասին՝ նա հիշեցրել է, որ կուսակցությունն արդեն հրապարակային գնահատական է տվել ընտրական գործընթացին։

«Մենք չենք համարում, որ այս ընտրությունները եղել են ազատ, արդար և թափանցիկ։ Խախտումները եղել են երկկողմանի՝ թե՛ իշխանությունների կողմից վարչական ռեսուրսների կիրառման, թե՛ ընդդիմության կողմից ընտրակաշառքի և այլ ընտրախախտումների տեսքով»,– նշել է նա։

Քոչարյանի խոսքով՝ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը գոհ է իր ստացած շուրջ 21 հազար ձայներից և դրանք համարում է մեծ պատասխանատվություն։

Անդրադառնալով ընդդիմության կողմից մանդատները վերցնելու կամ հրաժարվելու վերաբերյալ քննարկումներին՝ նա նշել է, որ չի կարող խոսել այլ քաղաքական ուժերի անունից, սակայն հիշեցրել է, որ իրենց կուսակցությունը դեռ ամիսներ առաջ հրապարակայնորեն ներկայացրել էր թե՛ հիմնական, թե՛ այլընտրանքային գործողությունների ծրագրերը։

«Մենք քաղաքացիներին ներկայացրել էինք բոլոր հնարավոր սցենարները, այդ թվում՝ մանդատները վայր դնելու տարբերակը, եթե չկարողանայինք իրագործել մեր ծրագրերը»,– ասել է նա։

Խոսելով կուսակցության հետագա ծրագրերի մասին՝ Քոչարյանը նշել է, որ առաջիկա օրերին նախատեսում են կարճ դադար վերցնել, որից հետո շարունակելու են քաղաքական գործունեությունը։

«Չնայած չենք ստացել մեր ցանկալի արդյունքը, զգում ենք քաղաքացիների դրական վերաբերմունքը և կշարունակենք հանդես գալ Հայաստանի ապագային վերաբերող մեր առաջարկներով»,– եզրափակել է նա։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան