«Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը կարծում է, որ Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված կալանքը պայմանավորված է նրա ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ և իշխանություններին ուղղված քննադատությամբ։
Կարապետյանցի խոսքով՝ Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի համար «անհարմար մարդկանցից մեկն է», քանի որ իր խոսքը հիմնավորում է փաստերով և տարիներ շարունակ բարձրաձայնել է տարբեր խնդիրներ, այդ թվում՝ կոռուպցիայի, հովանավորչության և Արցախի հետ կապված հարցեր։
«Արթուր Օսիպյանը այն մարդկանցից է, որոնք պարզապես չեն խոսում խոսելու համար։ Նա ներկայացնում է փաստեր, խոսել է թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում առկա խնդիրների մասին։
Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկացել է, որ նման բանավեճում պարզապես տանուլ չէր տալու, այլ տապալվելու էր»,- ասաց նա։
Կարապետյանցը բարձր գնահատեց Օսիպյանի կենսագրությունն ու գործունեությունը՝ նշելով, որ նա մասնակցել է պատերազմին, զբաղվել է գիտական աշխատանքներով և ներկայացրել տարբեր առաջարկներ պաշտպանության ոլորտում։
Միաժամանակ նա կոչ արեց Արթուր Օսիպյանին դադարեցնել հացադուլը՝ այն համարելով առաջնահերթ խնդիր։
«Այս պահին ամենակարևոր հարցը Արթուր Օսիպյանի առողջությունն է։ Ես խնդրում եմ, որ որևէ կերպ նրան փոխանցեն՝ դադարեցնել հացադուլը։ Մնացած բոլոր հարցերը ժամանակի ընթացքում կարող են լուծվել, իսկ նրա կյանքն ու առողջությունը առաջնային են»,- նշեց Կարապետյանցը։
Նրա համոզմամբ՝ Օսիպյանի նկատմամբ կայացված դատական ակտն անարդար է, իսկ դրա համար պատասխանատուները հետագայում պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի արձագանքին՝ Կարապետյանցը նշեց, որ նախկինում ևս եղել են դեպքեր, երբ քրեակատարողական հիմնարկներում առաջացած խնդիրներին պատշաճ արձագանք չի տրվել։
«Մենք նախկինում էլ ունեցել ենք իրավիճակներ, երբ մարդիկ երկարատև հացադուլի մեջ են եղել, սակայն համապատասխան արձագանք չի եղել։ Ցավոք, նման օրինակներ քիչ չեն եղել»,- ասաց «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը։
Մերի Հակոբյան