Ներքին Տեսանյութ 2 շաբաթ առաջ - 19:33 27-05-2026

Գերակա շահի անվան տակ գույք են խլում․ 20 տարի պատանդ ենք մնացել․ ֆիրդուսցի

Մերի Հակոբյան

Լրագրող

Երևանի կենտրոնում՝ Ֆիրդուսի թաղամասի օտարման գործընթացի շուրջ վեճերը շարունակվում են։ Բնակիչներն ու նրանց շահերը ներկայացնող փաստաբանները պնդում են, որ տարիներ շարունակ գտնվում են իրավական անորոշության մեջ, իսկ քաղաքաշինական ծրագրերի անվան տակ խախտվում է սեփականության իրավունքը։

Oragir.News-ի հետ զրույցում փաստաբան Ալինա Ավետիսյանը նշեց, որ խնդիրը վերաբերում է ոչ միայն Ֆիրդուսի, այլև Երևանի կենտրոնի մի շարք հատվածներին՝ Տերյան, Լալայանց, Պուշկին, Բուզանդ փողոցներին և այլ տարածքների, որոնք դեռևս 2006 թվականից ճանաչվել են հանրային գերակա շահ։

«Մարդիկ շուրջ 20 տարի ապրում են անորոշության պայմաններում․ չգիտեն՝ վերանորոգե՞ն իրենց տունը, վաճառե՞ն, թե՞ ոչ, վարձակալության տա՞ն, թե՞ ոչ։ Սեփականության իրավունքը փաստացի սահմանափակված է եղել՝ օտարման, օգտագործման և տնօրինման բոլոր առումներով»,- ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունը, հանրային գերակա շահ ճանաչելով տարածքները, սեփականատերերին փաստացի թողնում է միայնակ կառուցապատողների հետ։

Փաստաբանը շեշտեց, որ քաղաքաշինական ծրագրի իրականացման ժամկետները, ըստ պայմանագրերի, ավարտվել են դեռևս 2024 թվականի դեկտեմբերի 31-ին, սակայն գործընթացը շարունակվում է արդեն դատական ճանապարհով։

«Եթե քաղաքաշինական ծրագիրը չի իրականացվել սահմանված ժամկետում, հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետությունն ինքն իր վրա չի վերցնում գործընթացը, չի հրավիրում մարդկանց բանակցությունների, չի քննարկում իրական շուկայական արժեքով փոխհատուցման հարցը։ Փոխարենը մի մասնավոր ընկերություն դատական կարգով փորձում է մարդկանցից գույք օտարել»,- նշեց Ավետիսյանը։

Նա անդրադարձավ նաև «Սիթի Սենթեր» ընկերությանը՝ նշելով, որ այն տարիների ընթացքում գործել է տարբեր անվանումներով և իրավահաջորդություններով։

«Սեփականատերերի մոտ տպավորություն է, որ տեղի է ունենում բացահայտ հափշտակություն։ Խոսքը չի գնում պետության կողմից արդար փոխհատուցման առաջարկի մասին, այլ մարդկանց սեփականությունից զրկելու փորձերի»,- ասաց փաստաբանը։

Ավետիսյանի խոսքով՝ Սաֆարյանների ընտանիքը պատրաստ է հարցը հասցնել մինչև միջազգային դատական ատյաններ։

«Եթե նույնիսկ անարդար դատական ակտ լինի, ընտանիքը պայքարելու է մինչև Եվրոպական դատարան։ Բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետությունն այսօր չի միջամտում և սեփականատերերին թողել է միայնակ կառուցապատողների դեմ պայքարում»,- նշեց նա։

Սեփականության իրավունքի շուրջ դատական պայքարի մասին խոսեց նաև Դավիթ Սաֆարյանը, ով պնդում է, որ իրենց ընտանիքը տարիներ շարունակ ստիպված է եղել դատարաններում ապացուցել անգամ սեփականատեր լինելու հանգամանքը։

«Առաջին ատյանի դատարանը մեզ նույնիսկ սեփականատեր չէր ճանաչել, բայց վերաքննիչ դատարանը բավարարեց մեր բողոքը և ընդգրկեց մեզ որպես պատասխանող սեփականատերեր։ Մի քանի դատավարություններից հետո միայն հնարավոր եղավ վերականգնել այդ իրավունքը»,- ասաց նա։

Սաֆարյանի խոսքով՝ բնակիչների հիմնական դժգոհություններից մեկը գնահատման մեխանիզմն է։ «2017 թվականին նույն գույքը գնահատվել էր շուրջ 3700 դոլար մեկ քառակուսի մետրի համար, իսկ արդեն 2023 թվականին՝ գերակա շահի պայմաններում, գնահատվել է մոտ 2700 դոլար։ Այսինքն՝ գույքի արժեքը շուկայում աճել է, բայց գնահատումը՝ նվազել»,- նշեց նա։

Նրա պնդմամբ՝ փոխհատուցման առաջարկվող գումարները չեն համապատասխանում իրական շուկայական արժեքին, իսկ պետության առաջարկած հավելյալ 30 տոկոսը խնդիրը չի լուծում։

«Եթե գույքը սկզբից գնահատվում է իրական արժեքից մի քանի անգամ պակաս, ապա հավելյալ 30 տոկոսն իրականում ոչինչ չի փոխում։ Սա բնակիչներից գույքը խլելու մեխանիզմ է»,- ասաց Սաֆարյանը։

Վերջինս նաև դժգոհեց դատական գործընթացների ընթացքից՝ նշելով, որ գործը կրկին հայտնվել է նույն դատավորի վարույթում, որը նախկինում ևս քննել է նմանատիպ գործեր։ «Մենք չենք վախենում։ Մեր ընտանիքը պայքարելու է մինչև վերջ՝ հանուն արդարության և սեփականության իրավունքի պաշտպանության»,- եզրափակեց Դավիթ Սաֆարյանը։

Մանրամասները` տեսանյութում:



Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

23:35 Մենք միայն երջանիկ կլինենք, ես կոչ եմ անում չգալ խորհրդարան, կոչ եմ անում ընդդիմությանը չվերցնել մանդատները. Ռուբինյան
23:28 ՔՊ-ն փորձում է Սարիկ Մինասյանին դարձնել Գյումրիի քաղաքապետ
16:00 ՔՊ-ական աճպարարություն. ում ձայներն են ավելացել 18.125-ով
22:28 42-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր
22:51 Հեքիաթ պատմողները այսօր բառի բուն իմաստով բռնվել են հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան
13:17 Քաղաքական ուժը կարող է պարտվել ընտրություններում, սխալվել, բայց ամենավտանգավորը ընտրողի վստահությունը կորցնելն է. Արփինե Հովհաննիսյան
13:00 Գերիների ազատման հույս է արթնանում
17:38 Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է
22:05 Արցախի ժողովրդի պայքարը չի ավարտվել. այն շարունակվում է՝ հանուն իրավունքների, արժանապատվության և արդարության
13:31 Ձորաղբյուրում բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի