Ներքին 1 շաբաթ առաջ - 16:30 25-05-2026

Կարս-Ախալքալաք երկաթուղու բացումը ՀՀ-ում տնտեսական բեկում չի առաջացնի

Մերի Հակոբյան

Լրագրող

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Ախալքալաք-Կարս երկաթուղին Ադրբեջանի երկաթուղու նման այլևս բաց է հայաստանյան արտահանումների և ներմուծումների համար և դա «մեծ իրադարձություն է», դեռևս չի նշանակում, որ Հայաստանը գործնականում էական տնտեսական օգուտներ է ստանալու»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց տնտեսագետ և քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։

Միքայելյանը շեշտում է, որ երկաթուղու հնարավոր բացումը չի կարող ինքնին արմատապես փոխել Հայաստանի տնտեսական իրավիճակը, քանի որ, նրա պնդմամբ, խնդիրը շատ ավելի լայն է։ «Սա առևտրի համապարփակ խնդիր է, որի լուծման միայն փոքր էլեմենտն է ներկայացնում այս որոշումը, բայց ամբողջական պատկերը չի փոխում»,- ասաց նա։ Փորձագետի խոսքով՝ նախ պետք է հասկանալ՝ արդյոք իրականում վերացվե՞լ են այն սահմանափակումները, որոնք տարիներ շարունակ խոչընդոտել են Հայաստանի կողմից տվյալ երթուղու օգտագործմանը, թե՞ ոչ։

«Մոտավորապես 10 տարի առաջ կյանքի կոչված այս նախագծի օգտագործումը Հայաստանի համար արգելված էր Ադրբեջանի պահանջով։ Հիմա, ըստ Փաշինյանի, այդ պահանջը հանվել է։ Բայց Փաշինյանի ասածն ինձ համար պարտադիր ճշմարտություն չէ, որովհետև մենք տեսել ենք առանձին ապրանքների տեղափոխումներ, բայց ռեգուլյար, մշտական ապրանքափոխանակություն դեռ չկա։ Եթե ամեն գործարք առանձին պայմանավորվածության առարկա է՝ սա չի կարելի որակավորել որպես լիարժեք բաց ճանապարհ»,- նշեց նա։

Հրանտ Միքայելյանի գնահատմամբ՝ տեսականորեն երկաթուղու շահագործումը կարող է որոշակի օգուտ տալ Հայաստանին՝ հնարավորություն ստեղծելով հայկական ապրանքները Վրաստանի տարածքով հասցնել Կարս և այնտեղից թուրքական երկաթուղային համակարգով արտահանել դեպի եվրոպական շուկաներ։ Սակայն, ըստ նրա, այստեղ մի շարք խնդիրներ կան․

«Առաջին հարցը՝ Թուրքիան արդյոք Հայաստանը ներառե՞լ է այն երկրների ցանկում, որոնց ապրանքները կարող են մտնել թուրքական շուկա։ Երկրորդ՝ մենք ունե՞նք բավարար քանակի մրցունակ, մշակված արտադրանք, որը հնարավոր կլինի արտահանել։ Այս պահին Հայաստանի արտահանումների զգալի մասը հումքային կամ սահմանափակ արտադրանք է»։

Փորձագետի խոսքով՝ անգամ երկաթուղու գործարկման դեպքում էական գնանկում ակնկալելը վաղաժամ է, քանի որ Վրաստանի տարանցիկ դերը չի վերանում։

«Քանի որ չի փոխվում հիմնական հանգամանքը՝ Վրաստանի տարանցիկ դերը, այստեղ շարունակում ենք ունենալ նույն ծախսերը։ Միգուցե որոշ չափով նվազեն լոգիստիկ ծախսերը, բայց դա չի նշանակի ապրանքների գների լուրջ էժանացում»,- կարծում է նա։

Անդրադառնալով Փաշինյանի՝ Թուրքիայի և Վրաստանի գործընկերներին շնորհակալություն հայտնելու մասին հայտարարությանը՝ Միքայելյանը նշեց, որ նման զարգացումը պետք է դիտարկել որպես բնական գործընթաց, այլ ոչ թե առանձնահատուկ նվեր Հայաստանին․

«Եթե Փաշինյանը ուզում է շնորհակալություն հայտնել Թուրքիային, կարող է, բայց պետք է հասկանալ, որ սա նորմալ հարաբերությունների բաղկացուցիչ մասն է։ Եթե Թուրքիան դրա դիմաց քաղաքական զիջումներ է ստանում, ապա ես այստեղ առանձնահատուկ շնորհակալության պատճառ չեմ տեսնում»։

Քաղաքագետը նաև անդրադարձավ հարցին, թե արդյոք Թուրքիայի կողմից այս քայլը կարո՞ղ է դիտարկվել որպես նախընտրական աջակցություն Նիկոլ Փաշինյանին։ Նրա կարծիքով՝ Թուրքիայի աջակցությունը ակնհայտ է եղել նաև նախկինում։

«Թուրքիայի կողմից աջակցությունը միանշանակ եղել է։ Մենք ունենք հայտարարություններ, որ սահմանը կարող է բացվել ընտրություններից հետո։ Այսինքն՝ Թուրքիան նոր նախապայմաններ է առաջ քաշում, որոնց թվում են նաև Սահմանադրության փոփոխությունները և այլ հարցեր»,- նշեց նա։

Միքայելյանի խոսքով՝ Հայաստանի ներքաղաքական գործընթացներում արտաքին դերակատարների ազդեցությունմ ակնհայտ է։

«Մենք տեսնում ենք Թուրքիայի, Ադրբեջանի, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և արևմտյան որոշ շրջանակների աջակցությունը գործող իշխանություններին։ Դա արտահայտվում է ոչ միայն հրապարակային հայտարարություններով, այլ նաև լռությամբ՝ ներքաղաքական ճնշումների, ընդդիմության, եկեղեցու կամ ազատ խոսքի նկատմամբ գործողությունների ֆոնին»,- ասաց քաղաքագետը։

Միաժամանակ, նա հավելեց, որ սոցիոլոգիական հարցումները ևս պետք է դիտարկել ոչ միայն որպես հանրային կարծիքի արտացոլում, այլ նաև քաղաքական գործընթացների համատեքստում։

«Վերջերս հրապարակված որոշ հարցումներ ես դիտարկում եմ ոչ միայն սոցիոլոգիական, այլ նաև քաղաքական տրամաբանության մեջ՝ որպես իշխանություններին աջակցող գործոն»,- եզրափակեց Միքայելյանը։


Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի