Ներքին 1 շաբաթ առաջ - 18:00 23-05-2026

Երդվյալ ՔՊ-ական, Մակունցի վարորդ, «Իմ քայլի» փորձագետ, իսկ հիմա` բոլորին դեմ է

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակները շարունակում են զարմանք պատճառել հանրությանը։ Հատկապես, երբ կուսակցությունների հռչակած գաղափարներն ակնհայտորեն չեն համընկնում իրենց ցուցակներում ընդգրկված անձանց քաղաքական կենսագրության հետ։

Այս համատեքստում ուշադրության է արժանի ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Բոլորին դեմ եմ» կուսակցության ընտրական ցուցակը, որտեղ 13-րդ համարում ընդգրկված է Ժուրեմ Պողոսյանը։

Նա 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո աշխատել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» կառավարող խմբակցության գրասենյակում՝ զբաղվելով կազմակերպչական և փորձագիտական հարցերով։



Պողոսյանի անունը հատկապես հայտնի է Աջափնյակում։ Oragir.News-ի տեղեկություններով, նա երկար ժամանակ համարվել է նախկին ՔՊ-ական շրջանակների ներկայացուցիչ, մասնավորապես կապվելով՝ ԱՄՆ-ում նախկին դեսպան, այժմ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհարդական Լիլիթ Մակունցի հետ։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նա եղել է Մակունցի վարորդը, իսկ նրա քույրը՝ Մակունցի օգնականը։ Ավելին, ընտանիքի անդամները որոշ ժամանակ աշխատել են նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցի թիմում: Այնուամենայնիվ, հարց է առաջանում․ ինչպե՞ս է իշխանական համակարգի հետ կապվող անձը հայտնվել «Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակում, որը ներկայանում է որպես գործող իշխանությունների ընդդիմախոս քաղաքական ուժ։

Հետաքրքիր է նաև Ժուրեմ Պողոսյանի ներկայացրած հայտարարագիրը։ Փաստաթղթերից երևում է, որ նա որևէ անշարժ կամ շարժական գույք չի հայտարարագրել։ Ներկայացված տվյալների համաձայն՝ բացակայում են բնակարաններ, հողամասեր, տրանսպորտային միջոցներ կամ այլ արժեքավոր ակտիվներ։

Միակ հիշատակվող մեքենան «NISSAN FUGA Y50»-ն է, որը ևս ներկայացված է որպես սեփականության իրավունքով չգրանցված կամ օգտագործվող միջոց։



Համապատասխան փաստաթղթերից երևում է, որ Պողոսյանը նախկինում առնչություն է ունեցել «Իմ քայլը» խմբակցության փորձագիտական համակարգի հետ, ինչը նոր հարցեր է առաջացնում նրա ներկայիս քաղաքական դիրքավորման վերաբերյալ։

Իսկապես, Ժուրեմ Պողոսյանը, լինելով կրթական փորձագետ և «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի նախկին մասնակից, հեռացել է իշխանական թիմից՝ կրթական և պետական քաղաքականության ձախողումների պատճառով, ինչից հետո հարել է արմատական մերժողական հայացքներ ունեցող «Բոլորին դեմ եմ» շարժմանը։ Այս ամենի ֆոնին քաղաքական դաշտում տարբեր վարկածներ են շրջանառվում։ Վարկածներ կան, որ նա այս քայլին գնացել է՝ նախկին թիմից հիասթափության հետևանքով, ինչպես նաև քաղաքական հաշվարկների ազդեցությամբ։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված