«Նախկինների թալանի» և «բանակի կազմաքանդման» մասին ամենաբարձրը գոռացող իշխանական վերնախավի պնդումները հերթական անգամ դատարկ փուչիկի պես պայթեցին։
Սեփական ձախողումներն ու բանակի խնդիրները «նախկինների վրա» բարդելու ՔՊ-ականների կողմից սիրված մարտավարությունը ճակատագրի հեգնանքով հարվածեց հենց իշխանության 2-րդ դեմքին՝ Ալեն Սիմոնյանին:
Պաշտոնական փաստաթղթերն անհերքելիորեն ապացուցում են, որ Սիմոնյանների ընտանիքի հետ ուղղակիորեն կապվող «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն խաթարել է հենց հայկական բանակի համար կենսական նշանակություն ունեցող ռազմավարական աշխատանքները:

Մեր ձեռքի տակ հայտնված պաշտոնական իրավական ակտերը մեկը մյուսի հետևից մերկացնում են ընկերության անպատասխանատվությունը պետական և պաշտպանական պատվերների հանդեպ. ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի՝ 2026 թվականի մայիսի 8-ի թիվ 241 որոշումից պարզ է դառնում, որ «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն ՀՀ ՊՆ-ի հետ դեռևս 2025-ի նոյեմբերին կնքել էր 187 մլն դրամի խոշոր պայմանագիր՝ «Ռազմական ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքներ» իրականացնելու նպատակով։

Ըստ փաստաթղթի 12-րդ սյունակի՝ ընկերությունը թույլ է տվել պայմանագրի 2.1.3 կետի «բ» ենթակետի խախտում․ խախտել է աշխատանքների կատարման ժամկետը: Փաստացի ընկերությունը ձմռան ամիսներին ռազմական ճանապարհների սպասարկումը չի իրականացրել, կամ ուշացումներով է իրականացրել, ինչով փաստացի վտանգել է առաջնագծի հետ հաղորդակցությունը և զինվորների անվտանգությունը:
Պարտավորությունների ձախողման պատճառով ՊՆ-ն 2026-ի ապրիլի 30-ին պաշտոնապես հրապարակել է պայմանագիրը միակողմանի լուծելու ծանուցումը, որից հետո ընկերությունը ներառվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում («Սև ցուցակ»):
Այս գործընթացին
Oragir.News-ը դեռ մայիսի 5-ի իր հրապարակման մեջ էր
անդրադարձել՝ փաստացի կանխատեսելով իրավիճակի այսպիսի հանգուցալուծումը: Լրատվամիջոցը տեղեկացրել էր, որ եթե «Եվրոասֆալտը» մինչև 2026 թվականի մայիսի 8-ը չկատարի ՊՆ-ի կողմից առաջադրված պայմանագրային պարտավորությունները, ապա հայտնվելու է «սև ցուցակում», ինչը, ինչպես տեսնում ենք պաշտոնական փաստաթղթերից, ի վերջո իրականություն դարձավ։ Փաստացի, «Եվրոասֆալտը» ուղիղ 2 տարի իրավունք չի ունենա մասնակցել պետական գնումների որևէ մրցույթի:
Սա նշանակում է, որ իշխանական հովանավորչությամբ միլիարդավոր դրամների բյուջետային միջոցներ կլանող այս կառույցը տևական ժամանակով զրկվում է պետական պատվերների «կերակրատաշտից»: «Եվրոասֆալտը», իհարկե, փորձել է դատական կարգով չեղարկել պատժամիջոցները: Սակայն դատավոր Մ․ Հարությունյանի կայացրած դատական վճռի եզրափակիչ մասը փաստում է՝ ընկերության հայցն ընդդեմ ՀՀ Պաշտպանության նախարարության ամբողջությամբ մերժվել է: Դատարանն օրինական է համարել ՊՆ-ի կողմից պայմանագրի միակողմանի լուծումը և ընկերությանը գնումների «սև ցուցակում» ներառելու որոշումը:
Այսպիսով, դատական ատյանը ևս հաստատել է՝ ընկերությունն իրոք թերացել է բանակի առաջ:

Հիշենենք՝ դեռ մարտին էլ մանրամասն վեր էինք հանել այն խորամանկ
մեխանիզմները, որոնցով փորձ էր արվում կոծկել այս ընկերության կապը Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի անվան հետ։ Սիմոնյանները փորձում էին հանրության շրջանում ստեղծել տպավորություն, թե ընկերությունն այլևս իրենց հետ կապ չունի։
Սակայն իրականում կիրառվել էր տնօրենների և բաժնետերերի փոփոխության իմիտացիա, և ասֆալտի այդ գերշահութաբեր «հսկան» շարունակում էր փաստացի մնալ նրանց ազդեցության և վերահսկողության գոտում։ Փաստացի սին խոստումներով իշխանության եկած «հեղափոխականները» տարիներ շարունակ տարբեր հարթակներից հանրությանը համոզում էին, թե նոր Հայաստանում «բանակի հացն ու ճանապարհը սրբություն են»։
Իսկ այսօր արդեն պաշտոնական փաստաթղթերով ու դատական վճիռներով ապացուցվում է, որ բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությունը վայելող, միլիարդավոր դրամների տենդերներ կլանած ընկերությունը չի կամեցել պատշաճ ձևով իրականացնել ռազմական դիրքեր տանող ճանապարհների ձմեռային մաքրումը։ Այստեղ տեղին է դարձյալ հիշել ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտնի ելույթը, որտեղ նա քննադատում էր նախկին իշխանություններին՝ բանակի մատակարարման խնդիրների համար՝ նշելով, որ իր ծառայության տարիներին, երբ Սեյրան Օհանյանը նախարար էր, բանակն իրեն չի ապահովել տարրական հագուստով՝ մասնավորապես «մայկա-տռուսիկով»։
Լավատեսորեն ակնկալում ենք, որ Ալեքսանյանը մի առիթով էլ այս հոդվածում բարձրաձայնված իրողությունների մասով ելույթ կունենա և Ալեն Սիմոնյանից, ում տարիներ առաջ մարմնավաճառ էր անվանել, խրոխտ տոնով պարզաբանումներ կպահանջի․․․
Հասմիկ Մովսիսյան