ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը խիստ քննադատել է Բաքվում պահվող հայ գերիների՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումին հաջորդած արձագանքը՝ այն անվանելով «անընդունելի» և «ամոթալի»։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Բաքվում պահվող հայ պատանդները դիմել էին ՀՀ ՄԻՊ-ին՝ խնդրելով այցելել իրենց և կանխել հնարավոր խոշտանգումները, մինչդեռ ՄԻՊ-ը հայտարարել էր, թե մեծ հաշվով չի կարող որևէ բան անել, Թաթոյանը նշեց, որ նման մոտեցումն անընդունելի է։
«Ի՞նչ է նշանակում՝ գերիների հարցը ինձ չի վերաբերում, որովհետև Հայաստանից դուրս է կամ արտաքին քաղաքականության մաս է։ Էդ մարդիկ մեր քաղաքացիներն են, հայերն են, մեր ժողովրդի մասն են, և կապ չունի՝ որտեղ են գտնվում, պետք է պաշտպանել նրանց իրավունքները»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ նման դիրքորոշումը հակասում է մարդու իրավունքների պաշտպանության տրամաբանությանը և փաստացի արժեզրկում է նախկինում կատարված աշխատանքը՝ կապված Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայերի իրավունքների պաշտպանության հետ։
«Եթե ասում ենք՝ սա լիազորություններից դուրս է, նշանակում է՝ անօրինական էր նաև այն ամենը, ինչ մենք անում էինք արցախցիների կամ Հայաստանից դուրս մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում։ Բայց կա նաև մարդու իրավունքների դիվանագիտություն, որը շատ ուժեղ գործիք է»,- ընդգծեց նա։
Թաթոյանի խոսքով՝ եթե ինքը լիներ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում, կձեռնարկեր ակտիվ քայլեր՝ միջազգային հարթակներում հարցը բարձրացնելու ուղղությամբ։
«Ես լինեի՝ ամենավերջին ձևով կպաշտպանեի գերիների իրավունքները, խախտումները կվերհանեի, զեկույց կպատրաստեի ու կփոխանցեի Արտաքին գործերի նախարարությանը՝ ասելով՝ հիմա դու տար առաջ։ Եթե պետք լիներ՝ ՀԿ-ներին, եկեղեցական կառույցներին էլ կներգրավեինք, որովհետև սա մեր երկրի հարցն է»,- նշեց նա։
Նախկին ՄԻՊ-ը նաև քննադատեց արտաքին քաղաքական գերատեսչության զգուշավոր մոտեցումները՝ նշելով, որ պետությունը պետք է կիրառի առկա բոլոր գործիքները՝ գերիների իրավունքների պաշտպանության համար։
«Էն, որ այս իշխանությունը չի կարող պատասխան տալ, չի նշանակում, որ պատասխան տալու ձևեր չկան։ Կարելի է և պետք է աշխատել՝ հասկանալով, թե ինչ գործիքներ կան և ինչպես օգտագործել դրանք»,- եզրափակեց Թաթոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Մերի Հակոբյան