ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է ներդնել «ծնողական ժամ» հասկացությունը։
Նախագիծը Կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնարարար Արտյոմ Սմբատյանը։
«Նախագծով առաջարկվում է սահմանել ծնողական ժամ հասկացությունը։ Նախատեսվում է սահմանել, որ խնամքին մինչև 12 տարեկան երեխա ունեցող, ինչպես նաև մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողը, այդ թվում՝ խնամատար ծնողը, որդեգրողը կամ խնամակալը, իրավունք կունենան օգտվելու ծնողական ժամից»,- հայտնեց փոխնախարարը։
Այսպիսով՝ մինչև 2 երեխա ունեցող ծնողին ծնողական ժամը կտրամադրվի օրական առավելագույնը 30 րոպե տևողությամբ՝ աշխատավարձի պահպանմամբ։ 3 և ավելի երեխա ունեցող ծնողները կկարողանան աշխատանքից բացակայել օրական առավելագույնը 1 ժամով։
Միաժամանակ, մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողները կկարողանան օգտվել օրական առավելագույնը 1 ժամ տևողությամբ ծնողական ժամից՝ անկախ երեխաների թվից։
Նախագիծն առաջիկայում կքննարկվի ԱԺ-ում: