Ներքին 2 շաբաթ առաջ - 22:10 16-05-2026

Ալեն Սիմոնյանը ստում է․ «Զինապահ»-ում առնվազն 582 զոհվածի անուն-ազգանուն չկա

Նախօրեին Ալեն Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում մի տեսանյութ է հրապարակել, որում նա ընդդիմադիրներին «սրիկա» է անվանել՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների թիվն ուռճացնելու համար։

«Այս սրիկաները փորձում են այս նախընտրական շրջանում շատ ավելի ահագնացող ձևով փորձում են ավելացնել մեր զոհված հերոսների թիվը։ Ասում են՝ 5000-ից ավել, 6000, 7000, մինչև 10000»,- ասում է նա՝ պնդելով, որ այդ թվերը չեն համապատասխանում իրականությանը։

Սիմոնյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմում զոհվածների թիվը 3833 է, որոնցից՝ 78-ը քաղաքացիական անձինք են, 3755-ը՝ զինվորական։ Վերջինս նաև պնդում է, որ զոհերի անուն ազգանունները հրապարակված են։

«Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ առանց ամրագոտին գցելու, տեսանյութ է անում և փորձում է լղոզել այս խոսակցությունը և կոչ է անում հրապարակել բոլոր զոհվածների ցուցակը, թիվը և այլն, և այլն, ձև անելով, որ իբր այն բանը, որ իրենք ասում են, իրենք ոչ թե 44-ը նկատի ունեն, իրենք նկատի ունեն ամբողջ ընթացքում։ Ուրեմն, այդ թիվը հրապարակված է, այդ անունները հրապարակված են, այդ անունները դուք կարող եք գտնել «Զինապահ» կայքում։ Ես հղումը կտեղադրեմ այս տեսանյութի տակ․ այնտեղ կան տվյալները, կան լուսանկարները, կան բացառություններ, երբ որ ծնողները, բարեկամները չեն ցանկացել, որ անունը հրապարակվի, ինչը հասկանալի է»,- ասում է նա՝ պնդելով, որ այս սրիկայությունը պետք է դադարի։

Հետևելով Ալեն Սիմոնյանի հորդորին և մուտք գործելով հիշյալ կայք՝ փորձեցինք համոզվել՝ այնտեղ հրապարակվա՞ծ են 3833 զոհերի անուն-ազգանունները։

Ֆիլտրելով նշված կայքում հրապարակված զինծառայողների ցանկը (մահվան տարեթիվ նշելով 2020-ը, իսկ պատերազմ բաժնում՝ 44-օրյա պատերազմը)` արձանագրեցինք, որ հիշյալ կայքում առկա է պատերազմում զոհված 3251 զինծառայողի մասին տեղեկատվություն։ Սա նշանակում է, որ եթե անգամ Սիմոնյանի հրապարակած 3833 թիվը համապատասխանում է իրականությանը, ապա նշանակում է, որ կայքում բացակայում է առնվազն 582 զոհվածի վերաբերյալ տեղեկատվություն։

Բացի այդ, հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ թեպետ կայքում հրապարակվել է 3251 զինծառայողի մասին տեղեկատվություն, այնուամենայնիվ նրանցից շատերի լուսանկարները բացակայում են։ Այս հանգամանքը ևս կասկածներ է առաջացնում, քանի որ եթե իսկապես ցանկը հրապարակվել է նրանց ծնողների ու հարազատների համաձայնությամբ, ապա ինչո՞ւ պետք է վերջիններս իրենց զավակների լուսանկարները չտրամադրեին, կամ էլ ՊՆ-ն իր բազաներում չունենար դրանք։

Այսպիսով՝ փաստենք, որ Ալեն Սիմոնյանը ստում է, քանի որ «Զինապահ»-ի կայքում բացակայում է առնվազն 582 զոհվածի անուն-ազգանուն, իսկ հայ հանրությունն իրավունք ունի նրանց ճանաչելու՝ միևնույն ժամանակ հարգելով զոհվածների ծնողների՝ իրենց զավակների անուն-ազգանունները չհրապարակելու ցանկությունը, ուստի պաշտոնապես ցանկի հրապարակումն անհրաժեշտություն է։

Oragir.News-ն ակնկալում է, որ Ալեն Սիմոնյանն առաջիկայում կհրապարակի հիշյալ 582 անուն-ազգանունները, որ նման անհարմար իրավիճակում այլևս չհայտնվի։ Սպասում ենք նաև, թե երբ է Ալեն Սիմոնյանը հրապարակելու իր խոստացած այն տեսանյութը, որը, իր պնդմամբ, պետք է փաստեր, որ FreeNews-ի տարածքում իր մորը պատկանող ինքնակամ և չօրինականացված շինություն չկա, ինչի մասին մենք ավելի վաղ գրել էինք։