Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի խոսքով՝ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի գաղափարը ծնվել է «ՀայաՔվե» շարժման ներսում քննարկումների արդյունքում, երբ բարձրացվել է Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման հնարավորության թեման։
«Որոշեցինք, որ այս թեման պետք է հետազոտի հենց ուսանողը։ Թուրքագետ Վարուժան Գեղամյանն առաջարկեց հետաքրքիր մեթոդ՝ ֆիլմը կառուցել հետազոտության ձևաչափով։ Գաղափարն ինձ միանգամից դուր եկավ։
Այդ օրերին Թատերական ինստիտուտում լսում էի ուսանողների ֆիլմային նախագծերը և մտածում, թե ում հետ կարելի է աշխատել։ Այդպես ընտրեցի Սուրեն Բելյանին, և միասին սկսեցինք ֆիլմի աշխատանքները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Իշխանյանը։
Նրա խոսքով՝ ֆիլմը անդրադառնում է Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման վտանգներին և փորձում հասկանալ՝ ինչ կարող է նշանակել համակեցությունն առկա թշնամանքի պայմաններում։
«Սուրենը՝ որպես ուսանող և համառեժիսոր, հետազոտում էր՝ արդյոք դա հնարավո՞ր է, ի՞նչ կարող է նշանակել այդ համակեցությունը ներկայիս իրավիճակում։ Այդ ընթացքում հանդիպեցինք ընտանիքների, որոնք Ադրբեջանի քաղաքականության հետևանքով մի քանի անգամ բռնագաղթել են՝ նախ 1980-ականներին, ապա նաև Արցախի հայաթափումից հետո»,- նշեց նա։
Ֆիլմի հերոսներից մեկը լրագրող Մնացական Ազիզյանն է, որը Բաքվից տեղափոխվել էր Արցախ, կառուցել տուն Ստեփանակերտում, սակայն 2023 թվականին կրկին ստիպված էր լքել բնակավայրը։ Մյուս հերոսը հեղինակային երգչուհի Ջուլիետա Առուստամյանն է, որը Շուշիում ունեցել է սեփական ակումբը և ևս մի քանի անգամ տեղահանվել։
«Նրանց պատմությունների միջոցով ցույց ենք տալիս, թե քաղաքական որոշումները, որոնք հաճախ ընդունվում են կուլիսներում, իրականում ինչ ազդեցություն են ունենում մարդկանց կյանքի վրա։ Եվ այսօր էլ շատերի մոտ կա երրորդ անգամ բռնագաղթելու վախ»,- ասաց ռեժիսորը։
Անդրադառնալով ֆիլմի հերոսների ընտրությանը՝ Իշխանյանը նշեց, որ փորձել է գտնել այնպիսի ընտանիքների, որոնք մի քանի անգամ են բռնագաղթել։
«Կային մարդիկ, որոնք նույնիսկ երեք անգամ են տեղահանվել։ Փնտրում էի այդպիսի պատմություններ։ Մնացական Ազիզյանի ընտանիքի հետ ծանոթ էի, բայց չգիտեի, որ նման ճակատագիր ունեն։ Ջուլիետա Առուստամյանին գտանք այլ աղբյուրներով, և երբ իմացա, որ Շուշիում հեղինակային երգի ակումբ է ունեցել, հասկացա՝ հենց նրա երաժշտությունն էլ պետք է դառնա ֆիլմի կառուցվածքային թելը»,- պատմեց նա։
Մերի Հակոբյան
Մերի Հակոբյան