Երբ ՊԵԿ նախագահի նախկին առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը կրկին վերադարձավ պետական համակարգ՝ նշանակվելով Միասնական սոցիալական ծառայության պետ, թվում էր՝ այս տեղափոխությամբ ավարտվեց Սմբատյանի «մասնավոր սեկտորի» կարճատև շրջանը։
Սակայն ուշագրավ է մեկ այլ հանգամանք. նրա նախկին պաշտոնը «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ում մինչ օրս մնում է թափուր։

Թերևս՝ պատահական չէ։ Եվ այստեղ արդեն հարց է առաջանում՝ Սմբատյանը ՍԱՍ-ի համար այդքան անփոխարինելի՞ կադր էր, թե՞ պարզապես այդ պաշտոնը պահպանվում է հերթական իշխանական «տրանզիտի» համար։
Հիշեցնենք՝
Oragir.News-ը նախորդ
հրապարակմամբ փաստել էր, որ ՊԵԿ-ից հեռանալուց գրեթե անմիջապես հետո Սմբատյանը հայտնվել էր «ՍԱՍ Գրուպ»-ում՝ զբաղեցնելով զարգացման գծով տնօրենի բարձր վարձատրվող պաշտոնը։ Ընդ որում, սա այն նույն ընկերությունն է, որը մինչ այդ գտնվել էր հենց իր վերահսկողության դաշտում՝ որպես խոշոր հարկատու։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ Սմբատյանը «ՍԱՍ Գրուպ»-ում ստացել է շուրջ 15.8 միլիոն դրամ աշխատավարձ, իսկ նույն ժամանակահատվածում ընկերությունը տարին ավարտել է վնասով։
Զուգահեռաբար շարունակվել էին նաև իշխանության հետ կապվող տարբեր նախաձեռնություններին կատարվող նվիրատվությունները, այդ թվում՝ Աննա Հակոբյանի հիմնադրամին։ Եվ հիմա, երբ Սմբատյանը վերադարձել է պետական համակարգ, նրա «սուրբ տեղը» շարունակում է դատարկ մնալ։ Սա արդեն սովորական կադրային պատմություն չէ, այլ ավելի շատ հիշեցնում է իշխանության և խոշոր բիզնեսի միջև ձևավորված յուրատեսակ փոխօգնության մեխանիզմ։
Սմբատյանի կենսագրությունն ուսումնասիրելով՝ նկատում ենք, որ նա արագ և պարբերաբար առաջխաղացում է ունեցել պետական համակարգում և տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրել։ Պատահական չէ նրա կարիերայի թռիչքաձև աճը, քանի որ գաղտնիք չէ, որ Արտյոմ Սմբատյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի մերձավորն է և ներկայում զբաղեցնում է նույն նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետի պաշտոնը։
Այդուհանդերձ, ստացվում է հետաքրքիր պատկեր․ պետական համակարգից դուրս մնացած պաշտոնյաները երկար ժամանակ առանց աշխատանքի չեն մնում։ Նրանք անցնում են «տրանզիտային գոտի»՝ տեղավորվելով իշխանությանը լոյալ բիզնեսներում, ստանում բարձր աշխատավարձեր, ապա անհրաժեշտ պահին կրկին վերադառնում պետական համակարգ։ Եվ այդ ամբողջ ընթացքում նույն բիզնեսները շարունակում են օգտվել իշխանական բարեհաճությունից՝ զերծ մնալով աղմկահարույց ստուգումներից ու խնդիրներից։
Ավելին՝ հանրային խոսույթում քննարկվում է մեկ այլ հարց․ Արդյոք հենց Սմբատյանի օրոք չէ՞ր, որ «ՍԱՍ Գրուպը» կարողացավ ֆինանսական այնպիսի հաշվետվություններ ներկայացնել, որոնց արդյունքում խուսափեց խոշոր հարկային բեռից։ Թեև այս հարցի պատասխանը պետք է տան իրավասու մարմինները, սակայն փաստերի հաջորդականությունը և քաղաքական կապերի համընկնումները առնվազն կասկածների տեղիք տալիս են։ Տպավորություն է, որ Հայաստանում ձևավորվել է նոր համակարգ, որտեղ «յուրային» կադրերը երբեք գործազուրկ չեն մնում։
Պաշտոնից ազատվելը նրանց համար ոչ թե խնդիր է, այլ ընդամենը կարճատև կանգառ՝ մինչև հաջորդ նշանակումը։ Իսկ այդ ընթացքում «պալատական» բիզնեսները պատրաստակամորեն բացում են իրենց դռները՝ կատարելով ոչ միայն առևտրային, այլև քաղաքական սպասարկման գործառույթ։
Նշենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 26-ի որոշմամբ՝ Արտյոմ Սմբատյանն ազատվել է Միասնական սոցիալական ծառայության պետի պաշտոնից և նշանակվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ։
Հասմիկ Մովսիսյան
Հասմիկ Մովսիսյան