Ներքին 2 ամիս առաջ - 16:56 03-05-2026

Գործադրե՛ք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը ուղերձ է հղել՝ դիմելով Երևանում կայանալիք Եվրոպական միության բարձրաստիճան ներկայացուցիչների համաժողովի մասնակիցներին․


«Հիմք ընդունելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես արցախահայության առաջնային մանդատով օժտված ներկայացուցչական մարմին, սույն ուղերձով դիմում է Երևանում կայանալիք համաժողովի մասնակիցներին և միջազգային հանրությանը։

2020 և 2023 թվականներին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիան, որն ուղեկցվել է ցեղասպանական գործողությունների ակնհայտ դրսևորումներով, հանգեցրել է շուրջ 150,000 հայերի բռնի տեղահանմանը իրենց պատմական հայրենիքից։ Փաստ է նաև այն,որ միջազգային դերակատարների և աշխարհաքաղաքական կենտրոնների ոչ համարժեք արձագանքը միանգամայն նպաստավոր պայմաններ ստեղծեցին ուժի կիրառման և մարդկության դեմ ուղղված նոր հանցագործությունների համար։

Ներկայումս Ադրբեջանը, օգտվելով միջազգային հանրության լռությունից, հետևողականորեն իրականացնում է մշակութային ցեղասպանություն։ Արցախի բռնազավթված տարածքներում համակարգված կերպով ոչնչացվում կամ յուրացվում են հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության նմուշները՝ եկեղեցիները, խաչքարերը, գերեզմանատները, պետականության խորհրդանիշ հանդիսացող կառույցները, ինչը նպատակ ունի վերացնել հայկական հազարամյա քաղաքակրթական հետքը տարածաշրջանից։

Ելնելով ստեղծված ճգնաժամային իրավիճակից և հավատարիմ մնալով արդարության ու մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին՝ Արցախի Ազգային ժողովը պահանջում է.

Միջազգային կառույցների կողմից հասցեական գնահատական տալ Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական քաղաքականությանը և մշակութային վանդալիզմին՝ ճանաչելով դրանք որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներ։

Կիրառել գործուն մեխանիզմներ և պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ՝ կանխելու հայկական պատմամշակութային արժեքների հետագա ոչնչացումը։

Պահանջում ենք անհապաղ գործուղել միջազգային անկախ մոնիտորինգային առաքելություն՝ Արցախի տարածքում մշակութային կոթողների վիճակը փաստագրելու և դրանց պահպանությունը երաշխավորելու նպատակով։

Գործադրել քաղաքական ճնշում Բաքվի նկատմամբ՝ անհապաղ և անվերապահորեն ազատ արձակելու Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։

Միջազգային իրավական և անվտանգային գործուն երաշխիքների ներքո կազմակերպել արցախահայության հավաքական, անվտանգ և արժանապատիվ վերադարձը հայրենի օջախներ՝ ապահովելով նրանց ինքնորոշման և սեփական ճակատագիրը տնօրինելու անկապտելի իրավունքը։

Լռությունը հանցակցություն է։ Մենք ակնկալում ենք, որ Եվրոպական միությունը և քաղաքակիրթ երկրները կգործեն ոչ թե հռչակագրային հայտարարությունների, այլ գործնական քայլերի տիրույթում՝ հանուն արդարության և տարածաշրջանային կայունության»։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան